Մահչուփյան. Էրդողանի՝ Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթչեն Մահչուփյանը հնարավոր չի համարում, որ Թուրքիայի նախագահը կընդունի իր հայ պաշտոնակցի հրավերը եւ 2015- ի ապրիլի 24- ին կայցելի Հայաստան։
«Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է՝ իրավիճակը հասունանա, և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում, քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրքիան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում, որ նախագահը կգնա», CNN Turk- ին տված հարցազրույցում ասել է Մահչուփյանը։
Ինչպես հաղորդում է tert.am- ը, Դավութօղլուի հայ խորհրդականը նշել է, որ ֆուտբոլային դիվանագիտության գնդակն այժմ թափառում է։ «Պետք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք և միասնաբար գործենք»,-ասել է նա: