Տնտեսական

Ըստ Ա. Շաբոյանի՝ շաքարավազի շուկայում գերկենտրոնացումը օբյեկտիվ է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը օբյեկտիվ է համարում շաքարավազի շուկայում տեղծված իրավիճակը, երբ դրա 90 տոկոսից ավելի կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքին։

«Այն, որ այդ շուկան պատկանում է մի խոշոր ընկերության, օբյեկտիվ  է, որովհետև մոտ 90 հազար տոննա շաքարի հումք է ներկրում այս ընկերությունը: Խոսքն այստեղ ոչ թե մրցակցության, այլ  չարաշահումների մասին է: Եթե մի շուկայում կա խոշոր ընկերություն, որը մեծ մասնաբաժին ունի, դա դեռևս խնդիր չէ ոչ մեր երկրում, ոչ ամբողջ աշխարհում: Խնդիրը չարաշահումների մեջ է: Ձեզ մտահոգում է հարցը, թե ինչո՞ւ է մի ընկերության պատկանում: Կան ոլորտներ, շուկաներ, որոնցում խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ գործոն է և  այդ ոլորտներում փոքր ընկերություններն օբյեկտիվորեն չեն կարող խոշորի հետ մրցակցել»,- այսօր ԱԺ- ում լրագրողներին ասել է Արտակ Շաբոյանը։

Թյուր է այն պատկերացումը, թե տնտեսական մրցակցությանն առնչվող բոլոր հարցերը պետք է լուծում ստանան տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ասել է կառույցի ղեկավարը։ Նա նշել է, որ հարցերի մի ստվար հատված պետական այլ կառույցների կարգավորման տիրույթում է:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է իրենց բուն իրավասությունները՝ հակամրցակցային համաձայնությունների բացահայտում, գերիշխող դիրքի չարաշահում, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողություն և անբարեխիղճ մրցակցություն:

Ցուցադրել ավելի
Back to top button