Հասարակություն

Գարեգին Երկրորդը հանդիպել է Մայր Աթոռի պաշտոնեության հետ

Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով նոյեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության հետ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ  Մայր Աթոռում տեղակայված բաժինների և հաստատությունների շուրջ չորս հարյուր աշխատակիցների անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհավորել է Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ այս հոբելյանական իրադարձությունը Մայր Աթոռի աշխատակիցներից յուրաքանչյուրի մոտ տարբեր ապրումներ և հիշողություններ է արթնացնում, մղում անդրադառնալու տարիների ընթացքում իրենց բերած ծառայությանը Մայր Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

Նորին Սրբությանը մաղթելով քաջառողջ կյանքի բազում տարիներ և նորանոր ազգաշահ իրագործումներով լեցուն գահակալություն` Սրբազանը վստահեցրել է, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին և կյանքի կոչել բոլոր այն տեսիլքները, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի հայրենիքի, ժողովրդի և եկեղեցու նկատմամբ:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել ներկաներին: «Ես փառք եմ տալիս Աստծուն, որ այսպիսի շնորհի է արժանացրել մեզ` լինելու Հայոց Հայրապետ, և այսպիսի առիթ ու հնարավորություն ընձեռել առավելագույն չափով ծառայություն մատուցելու մեր ժողովրդին», — ասել է Նորին Սրբությունը: Անդրադառնալով եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին` Վեհափառ Հայրապետը դրանցում կարևորել է Մայր Աթոռի աշխատակիցների դերակատարությունը:

«Անցնող 15 տարիները իմաստավորված են ձեզանով, ձեր աշխատանքով: Այն, ինչ որ կատարված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արված է ձեր ջանքերի, ձեր ազնիվ աշխատանքի շնորհիվ: Դուք եք կանգնած եղել այդ ձեռքբերումների ակունքներում: Մենք մեր սրտի խորքից բերում ենք մեր գնահատանքը ձեզ և յուրաքանչյուրիդ ասում շնորհակալություն` ձեր նվիրյալ աշխատանքի ու ծառայության համար: …Ես բարձրորեն գնահատել եմ յուրաքանչյուրի ծառայությունը այս հաստատությունից ներս, միշտ ունեցել եմ սեր ձեր նկատմամբ` և´ որպես ազգիզավակների, և´ որպես պաշտոնյաների մեր այս հաստատության»: Նորին Սրբությունը նաև գոհունակություն է հայտնել Աստծուն, որ այս տարիների ընթացքում ազնվահոգի շատ բարերար հայորդիներ` գիտակից լինելով Հայ Եկեղեցու առաքելության կարևորության, զորակից են եղել Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետին` կյանքի կոչելու բազում ազգանպաստ և հայրենաշեն ծրագրեր:

Հանդիպման ավարտին օրհնելով Մայր Աթոռի պաշտոնեությանը` Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է որպես Հայոց Եկեղեցու հավատավոր անձեր, որպես նախնյաց արժանավոր զավակներ հպարտության զգացումով ու նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Մայր Աթոռում: «Այստեղ ծառայող յուրաքանչյուր անձ պաշտոն չէ, որ իրականացնում է, այլ ոգի և ապրում է դնում, աղոթքն է իր հոգու մեջ կրում այդ աշխատանքի ընթացքին: Սա սովորական աշխատանք չէ, որ դուք իրականացնում եք այս հաստատությունից ներս. առաքելություն է, որի իրականացնողներն եք, որի իրագործման մասնակիցներն եք», — ընդգծել է Նորին Սրբությունը` բարի արդյունավորում մաղթելով պաշտոնեության ջանքերին, որպեսզի առավել շենանա ու պայծառանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և նրա օրհնությունը շարունակ բաշխվի ի սփյուռս աշխարհի:

Ցուցադրել ավելի
Back to top button