Քաղաքական

Նոր սահմանադրությունների ընդունումն անհրաժեշտություն է. Տիգրան Թորոսյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական  համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում այսօր մեկնարկել է միջազգային համաժողով: Քննարկվելու են հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա Սահմանադրական գործընթացների ազդեցության հետ կապված խնդիրներ: Համաժողովին մասնակցում են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումները համարել է հրատապ ու նշել, որ «Սահմանադրությունը դա առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է»: Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն էլ նկատել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը միայն Հայաստանում չէ, որ սկսել է:

«Այդ փոփոխությունների գործընթացը նաեւ հարեւան երկրներում են՝ Վրաստանում, Ուկրաինայում եւ շատ կարևոր է միասին քննարկել մյուսների փորձը»,-շեշտել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը: Խորհրդաժողովի կազմակերպիչներից Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էլ շեշտել է, որ նոր սահմանադրությունների ընդունումն անհրաժեշտություն է, սակայն, հասարակությունը պետք է կարողանա իմաստավորել որոշակի արժեքներ, իսկ այն, ինչ արվում է նպատակ ունի քաղաքական գործընթացներին գնահատական տալու:

«Գիտական համաժողովն առաջին հերթին նպատակ ունի օգնելու ե՛ւ իշխանությունը ներկայացնող գործիչներին, ե՛ւ ընդդիմության գործիչներին՝ ավելի ամբողջական եւ ավելի ճիշտ մոտեցում ունենալու սահմանադրական գործընթացներին. ոչ թե դրանք քննքրկելու ու դիտարկելու զուտ առօրյա քաղաքական խնդիրների կամ հատվածական շահերի շրջանակներում, այլ որպես գործընթաց, որը որոշում է երկրի ընթացքը»,-լրագրողների հետ զրույցում շեշտել է Տիգրան Թորոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button