ԿարևորՔաղաքական

«Ղարաբաղյան խնդիրը մտահոգիչ է Մեծ Բրիտանիայի համար»,- ասել է Դեյվիդ Լիդինգթոնը

լրացված է ժամը 15:15-ին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնն այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո նրանք հանդիպել են լրագրողներին ու տեղեկացրել, որ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու պայմաններ պետք է ստեղծել: Դեյվիդ Լիդինգթոնը նշել է, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան, ինչը նշանակում է, որ երկկողմ հարաբերություններն ուժեղանում են:

 

 

Խոսելով ղարաբաղյան խնդրից՝ նա նշել է, որ պետք է ջանքեր գործադրվեն խնդրի խաղաղ կարագվորման ուղղությամբ: «Ղարաբաղյան խնդիրը մտահոգիչ է Մեծ Բրիտանիայի համար, քանի որ սահմանին մարդիկ են զոհվում: ԵԱՀԿ ՄԽ ջանքերը գնահատելի են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Անգլիան կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի Խմբին, քանի որ մարդկային երկարատեւ ողբերգությունը, վնասակար է տարածաշրջանի կայությության պահպանման համար:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, պատասխանելով ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցի եզրակացության վերաբերյալ հարցին, ըստ որի շատ հակամարտությունների դժվար է հասնել, եթե անտեսվի ինքնորոշման իրավունքը, նշել է, որ ինքնորոշման իրավունքը խաղաղություն ու կայունություն կհաստատի տարածաշրջանում և ոչ թե կբերի համակարտության:

«Մենք մշտապես նշել ենք և ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում՝ տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում է համապատասխան պարարտ հող՝ հակամարտությունների համար: Դրա մասին է խոսում հենց Ձեր կողմից հիշատակված զեկույցը»:

Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակին վերաբերող հարցին անդրադառնալով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարարը նկատեց.

«Մենք շատ բաց ենք եղել այս հարցում: Ես հրապարակային հայտարարություններ են արել այդ մասին Ադրբեջանում վերջին տարվա ընթացքում որոշակի դեպքերի մասին: Ինչ վերաբերում է Ադրբեջանում բրիտանական ներդրումներին ու տնտեսական հարաբերություններին, Միացյալ թագավորությունը գիտակցում է, որ այս տարածաշրջանում իրավիճակի սրումը հակասում է իր շահերին: Այնպես որ ղարաբաղյան հարցի լուծումը բխում է  նաև Միացյալ Թագավորության շահերից»:

Էդվարդ Նալբանդյանն էլ իր խոսքում ավելացրեց, որ զուր են Բաքվից հնչող քննադատությունները Հայաստանի հասցերին այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային հայտնի կառույցների կողմից մշտապես հիշատակվում է որպես ճչացող բռնապետական երկիր, կամ երկիր, որն աչքի է ընկնում մարդու իրավունքների կոպիտ, խայտառակ  խախտումներով:

«Պատկերացրեք, որ նման հայատարարություններ հնչեին Քադաֆիի կողմից, ո՞ւմ կարող էին դրանք հավատացնել: Դատարկ խոսքերն են սրանք, ուրիշ ոչինչ, անգամ Ադրբեջանում այդ խոսքերին չեն հավատում, ուր մնաց աշխարհում»:

Շպիգելում հրապարակված հարցազրույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիան հնարավոր է դուրս գա ԵՄ  կազմից, որքանով է իրատեսական այս տեղեկությունը, լրագրողների հարցին ի պատասխան Դեյվիդ Լիդինգթոնն ասաց, որ պետք չէ հավատալ այն ամենին, ինչ գրում են թերթերը, եթե անգամ դա Շպիգելն է. Բայց իրականությունն այն է, որ այդ հարցի շուրջ քննարկումներն ընթանում են մի քանի տարի և՝ «վարչապետն ասել է, որ կուզենար, որ այդ որոշումը կայացվեր հանրաքվեի միջոցով մինչև 2017 թվականի ավարտը»:

Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների հարցը ևս չանտեսվեց:

Բրիտանացի դիվանագետ նախարարն այս առումով նշեց, որ իհարկե գոհ չէ, որ վատացել են ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, «Ռուսաստանը պոկել է Ղրիմը Ուկրաինայի կազմից»,-ասաց,-«Դոնեցկում և Լուգանսկում էլ ռազմական ներխուժում կատարեց»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին, Դեյվիդ Լիդինգթոնն ասաց, որ արձանագրությունները պետք է վավերացվեն: «Մենք ուզում ենք, որ  Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն»,- ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button