Հասարակություն

Գրիպի դեմ պատվաստումն առաջիկայում կընդգրկվի պատվաստումների ազգային օրացույցում

Լիանա Եղիազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

Հայաստանում թեեւ վերջին տարիներին հատկապես աշնանն ու գարնանը դիտվում է գրիպով և սուր շնչառական հիվանդություններով հիվանդացման ախուժացում, սակայն գրիպի առաջնային կանխարգելում չի իրականացվում: Սա իր բացասական հետևանքներն է թողնում ինչպես ուսումնական կրթական հաստատություններում սովորողների և անձնակազմի հաճախելիության վրա, այնպես էլ բնակչության լայն խմբերի շրջանում` պատճառելով գրիպի բարդությունների և առանձին դեպքերում ծանր ելքով դեպքերի գրանցման:

Նշվածը ակնառու էր հատկապես անցյալ սեզոնի ընթացքում ՀՀ զինված ուժերի շրջանում: Կառավարությունն իր վերջին նիստի ժամանակ հաստատել է այս ուղղությամբ մի նոր միջոցառում՝ ուղղված գրիպի դեմ պատվաստմանը: Ինչ արդյունքներ է ակնկալվում այս ծրագրից, եւ որքանով է հիմնավոր մեր բնակչության բավական լայն շրջանի մոտ Հայաստանում կիրառվող պատվաստումների հանդեպ անվստահությունը:

Հայաստանի կառավարությունն իր վերջին նիստում հաստատել է «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» շահույթ չհետապնդող կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոն»-ի կողմից սեզոնային գրիպի 60 000 պատվաստանյութի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը:

Ինչպես «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց  առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատվաստանյութը նախատեսված է 6 ամսականից բարձր երեխաների համար, օրգանիզմի կողմից ընկալվում է բավականին թեթեւ եւ ապահովում է մինչեւ 1 տարվա պաշտպանություն գրիպից: Պատվաստումը նախատեսված է խոցելի խմբերի համար, բայց կամավորները եւս կարող են անվճար ստանալ նման պատվաստում: Գայանե Սահակյանի դիտարկմամբ՝ պատվաստումների շրջանակի ընդլայնումը գուցե առաջիկայում բերի նրան, որ գրիպի դեմ պատվաստումն ընդգրկվի պատվաստումների ազգային օրացույցում՝ դառնալով ընդհանուր ու պարտադիր:

«Գրիպի բոլոր տեսակների դեմ իհարկե չի պայքարում, հիմնականում սեզոնային եւ ԱՀԿ կողմից հաստատված ամենատարածված գրիպների դեմ է պայքարում»:

Ցուցադրել ավելի
Back to top button