Հասարակություն

«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը նոր թափ է հավաքում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանրային իրազեկմանն ու դատապարտմանն ուղղված «#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը ստեղծել է հատուկ ինտերնետային կայք, որը շուրջ մեկ շաբաթվա ընթացքում հավանել է ավելի քան 6000 ֆեյսբուքյան օգտատեր:

Կայքում տեղադրվում են այն անձանց լուսանկարները, ովքեր արդեն իսկ մասնակցել են #2015RTAG շարժմանը: Բացի այդ, այստեղ յոթ լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն, ներկայացված է, թե ինչպես պետք է մասնակցել նախաձեռնությանը` “#2015RTAG. Recognize The Armenian Genocide” գրությամբ պաստառով լուսանկարվելով և լուսանկարը ներբեռնելով: Միաժամանակ կայքում կա ժամատախտակ, որտեղ հետհաշվարկ է ընթանում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ: Շարժմանն արդեն իսկ միացել են հազարից ավելի մարդ, այդ թվում նաև մի շարք հայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս, Հրանտ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակներ ներկայացուցիչներ և այլն):

Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացվել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները:

 

Back to top button