Հասարակություն

Օսման Բայդեմիր.«Լինել Հայաստանում եւ չլինել Հանրային ռադիոյում անկարելի էր»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Եթե դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա չէր լինի նաև հրեաների հոլոքոստը և այդ մտածելակերպը չէր շարունակվի նաև մեր օրերում, ասում է Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Ազգությամբ քուրդ Բայդեմիրը Հայաստան այցի շրջանակներում եղել է  Ծիծեռնակաբերդի բարձունքում,  ցեղասպանության թանգարան –ինստիտուտում, որը, նրա խոսքով, մարդկային խղճի կենտրոնն է: 

 

 

Լինել Հայաստանում, Ցեղասպանության թագարան- ինստիտուտում,  այցելել Հանրային ռադիոընկերություն. տարիներիս երազանքն իրականություն դարձավ, արդեն Երեւանում ասում է Դիարբեքիրի նախկին քաղաքապետ ազգությամբ քուրդ Օսման Բայդեմիրը:

«Երևանում լինելը և այս օդն ու մթնոլորտը վայելելն ինձ համար երազանք էր, որն այսօր արդեն ի կատար է ածվել: Շատ  հուզված եմ:  Այժմ իմ մի մասնիկը  1915 թվականին կատարվածում է, մի մասնիկը՝ Քոբանիում, Սասունում:  Ես ամենուր եմ հիմա, մտքով»:

Դիարբեքիրից Հայաստան ժամանած պատվիրակությունն իր հարգանքի  տուրքն  է մատուցել  Ցեղասպանության զոհերրի հիշատակին, այցելել ցեղասպանության թանգարան –ինստիտուտ: Օսման Բայդեմիրը նշում է, որ  հուշահամալիր այցելելիս հասկացել է, որ յուրաքանչյուր մարդ   պետք է առերեսվի իրականության հետ և դառնա իրենց պայքարի մի մասնիկը։ Ցեղասպանության հուշահամալիրը  մարդկային խղճի կենտրոնն է, իսկ  պատմությունից փախչելը՝ վախկոտություն:

«Ինչպե՞ս կարող է մարդը սպանել հղի կին կամ երեխա։ Մարդու ուղեղում չի տեղափորվում, որ պետությունը սպանությունը կարող է գաղափարախոսություն դարձնել իր հասարակության մեջ»։

Օսման Բայդեմիրի խոսքով՝ երբեք չեն կարող կառուցել արդարություն, եթե չընդունեն իրականությունը և հենց դրամ համար էլ 1915 թվականին տեղի ունեցած դաժանությունները պետք է հիշեն, որ կարողանան  հասնել ինչ- որ արդյունքի:

«1915-թվականի  մտածելակերպն ու գաղափարախոսությունը  շարունակվում է նաև մեր օրերում՝  Քոբանիում 100 հազարի հասնող  քուրդ է տեղահանվել,  Շանգալից  մեկ գիշերում  տարհանվել է 200 հազար քուրդ, իսկ այս ընթացքում 2000 կին վաճառվել է սև շուկայում:  Բայց հուսալի արդյունքներ էլ են  ստեղծվում այս ընթացքում , որովհետև  այն տարածքներում, որտեղ այժմ ընթանում են հակամարտություններ, համատեղ ճակատ է ստեղծվել։ Այս ջանքերը պետք է համատեղ ուժեղացնել: Նոր ապագան և համատեղ խաղաղ ապրելը հնարավոր է, սակայն պետք է աշխատանքեր տարվեն այս ուղղությամբ»:

Որպես քուրդ ժողովրդի զավակ  Օսման Բայդեմիրը նշեց նաև, որ պարտավոր էր լինել Հայաստանում:  Դիարբեքիրից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Հանրային ռադիոյում, ծանոթացել քրդերեն հաղորդումների բաժնի աշխատանքներին:

«Երեւանի ռադիոն քրդերեն հաղորդում հեռարձակած առաջին պետական ռադիոն է: Երբ սկսվեցին հաղորդումները, քրդական մշակույթն ու երաժշտությունն արգելված էին: Երեւանի ռադիոյի ստեղծած կամուրջը կենսական աղբյուր էր քուրդ ժողովրդի համար: Եվ այսօր հերթը մերն է, ուզում ենք անցյալում տեղի ունեցած ողբերգությունների սպիները մեղմացնող քայլեր ձեռնարկել»:

Այդ քայլերից մեկն էլ  Օսման Բայդեմիրը համարում է Դիարբեքիրում  Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը , որով, նրա ձևակերպմամբ,  փորձում են վերանորոգել նաև թուրքերի խիղճը:  Քուրդ ակտիվիստ Նուրջան Քայանն էլ է  կարծում, որ եթե դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա չէին լինի մյուս ցեղասպանությունները: Սական նշում է.  պատմությունը հետ բերել չեն կարող և դժվար է կանխատեսել, թե ինչպես կդասավորվեր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կյանքը, եթե չլիներ հայոց ցեղասպանությունը։

Մի բան հստակ է՝ եղել է ցեղասպանություն և այն իրականացրած պետության մեջ սպանելու գաղափարը դարձել է գերիշխող. «Եթե  այսօր այդ երկրում շարունակվում  է սպանվել Հրանտ Դինքն ու Սևակ Բալուկչին, եթե կա դեռևս չլուծված քրդական հարց՝ նշանակում է, որ այդ երկրում շարունակվում է տիրապետող լինել մեկ մշակույթ, մեկ կրոն, մեկ ազգ գաղափարը»։

Ցուցադրել ավելի
Back to top button