ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.«Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից արդյունքներ ակնկալելը չափազանց դժվար է»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները շատ կարեւոր են, բայց դրանցից կոնկրետ արդյունքներ ակնկալել չափազանց դժվար է, քանի որ հարեւան երկրի կողմից խոսքից ու հայտարարություններից բացի այլ կոնկրետ քայլեր մենք չենք տեսնում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ արդյունք կլինի, եթե միջազգային կառույցների միջոցով կարողանանք առաջընթաց ունենալ: Օհանյանը գնահատականներ չի հնչեցրել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությանը, թե Ղարաբաղի կարգավիճակը դեռ հստակ չէ: Նախարարը գերադասում է կենտրոնանալ նրա այն մտքի վրա, որ իր վերջնական ցանկությունն է՝ այդ տարածքները լինեն հայերինը: Պաշտպանության նախարարն այսօր Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցի հանդիսավոր շնորհանդեսին: Դրան մասնակցել են  նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հոգեւոր այրեր, պետական պաշտոնյաներ, երկրապահ կամավորականներ: Շնորհանդեսից հետո ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է լրագրողների տարբեր հարցերին՝ անդրադառնալով ադրբեջանցի դիվենսանտների դատավարության ընթացքին, Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություններին եւ հանդիպումից ակնկալիքներին: 

 

 

Արցախ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտները պարտադիր պետք է ստանան իրենց պատիժը. հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնեմ՝ Արցախում օրեր առաջ արդեն սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայ և ադրբեջանական հասարակություններում, այլև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներում: Այդ առնչությամբ մի շարք փորձագետներ և լրագրողներ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղում՝ որպես չճանաչված երկրում դատ վարելն անօրինական է: Սեյրան Օհանյանն ինքը հետեւում է ադրբեջանցի դիվենսանտների դատավարության ընթացքին ու շեշտում է՝ դատավարությունը ընթանում է միջազգային նորմերի համաձայն:

«Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր, նաեւ իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում առաջատարներից է հատկապես մեր տարածաշրջանում: Իսկ դիվերսանտները պարտադիր իրենց պատիժը պետք է ստանան, պարտադիր»,-շեշտել է նախարարը:

Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն եղավ անհետ կորածների հարցերով տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: «Առաջընթաց ակնկալել այս գործընթացում չափազանց դժվար է երկկողմ կապերի բացակայության պայմաններում: Եթե միջազգային կառույցների միջոցով կարողանանք առաջընթաց ունենալ, արդյունք էլ կլինի: Բայց այդպիսի արդյունքի սպասել այն դեպքում, երբ խոսքից ու հայտարարություններից բացի այլ կոնկրետ քայլեր մենք չենք տեսնում, դժվար է, հատկապես, որ եւ հանդիպման օրերին, եւ մի քանի օր առաջ սահմանին իրավիճակը կրկին լարվել է»,-նշեց Սեյրան Օհանյանը:

«Եթե մեր հարեւանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջեւ, միայն դրանից հետո կլինեն հաջողություններ»,-նկատել է նա:

Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպման արդյունքներից քաղաքագետներն առանձնացնում եւ կարեւորում են որոշակի պայմանավորվածությունները՝ ուղղված վստահության ամրապնդմանը: Դրանմիտված միջոցառումները մի քանի հիմնական ուղղություն պետք է ունենան՝ իրականացվելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանադրորեն ընդունված սահմաններին՝ դիպուկահարների հետքաշում, դիվերսիոն-հետախուզական գործողությունների բացառում, նաեւ՝ միջազգային հետաքննությունների անցկացում, որպեսզի բացահայտվի, թե որ կողմն է խախտում պայմանավորվածությունը: Արդյոք այդ վստահությունը կհաջողվի ստեղծել երկու երկրների ներսում՝ ժողովուրդների մոտ:

«Բուժիչ գործոնը ժամանակն է»,-ասում է Սեյրան Օհանյանը: «Ռադիոլուր»-ի խնդրանքով պաշտպանության նախարարը պատասխանեց հարցին, թե արդոք Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո սպասելիքները գոնե որոշակիորեն առարկայանում են:

«Մենք միշտ կողմնակից ենք եղել վստահության ամրապնդմանը, եւ միշտ էլ հակառակորդի՝ մեր հարեւանների կողմից բացասական պատասխան է եղել: Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, պաշտպանական խնդիրներ միայն իրականացնելով, նաեւ՝ միակողմանի մեր կողմից հետաքննության անցկացման միջոցառումներով:  Միակողմանի մենք անցկացնում ենք, բայց, ցավոք, մեր հարեւանների կողմից  դա բացասական պատասխան է ստանում»:

Լրագրողների հետ պաշտպանության նախարարի հանդիպման առիթն այսօր այլ էր: Հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ներդրվելու է նոր միջոցառումների ուղեցույց, եւ բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն ըստ պատշաճի: Երկրապահ կամավորականների միությունում այսօր հանդիսավորապես ներկայացվեց հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույցը: Այն կազմվել է կրթության եւ գիտության նախարարության, պաշտպանության նախարարության եւ Երկրապահ կամավորական միության միջեւ եռակողմ հուշագրի հիման վրա: Ուղեցույցի նպատակն է օգնել ուսումնական հաստատություններին՝ սովորողների եւ հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներն իրականացնել պատշաճ մակարդակով:

Ցուցադրել ավելի
Back to top button