Հայ խոհարարները Թուրքիայում կմասնակցեն հայկական խոհանոցին նվիրված մեկշաբաթյակին


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն վերջերս մասնակցել մի շարք փառատոների և հայկական խոհանոցը ներկայացրել Արգենտինայում, Թուրքմենստանում, Ռուսաստանում: Տարբեր երկրներում ներկայացնելով մեր ազգային խոհանոցը՝ ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանում խոհանոցի քննադատներ չկան, ինչին իրենք հանդիպել են տարբեր երկրներում՝ հատկապես Մոսկվայում: Արդյունքում, իհարկե, Հայաստանը պատվով է դուրս եկել:Համտեսելով մեր ազգային կերակուրները՝ միայն գոհունակության խոսքեր են հնչել:
«Պետք էր տեսնել, թե ինչպես են նրանք քննադատում, և ի պատիվ մեզ, համտեսելով մեր ազգային կերակուրները՝ նրանք միայն բացականչում էին: Ի դեպ, այդ խոհանոցային քննադատներն ասում էին, թե եկեք ու տեսեք, որ, ինչպես ասում են, Հայաստանը «շաշլիկ-մաշլիկի» երկիր չի»:
2014 թվականի փետրվարին Թուրքմենստանում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն մասնակցել է «Азиады 2017» փառատոնին, որտեղ ներկայացվել է հայկական ազգային խոհանոցը: Մասնակիցների կազմում էր նաև ադրբեջանական պատվիրակությունը, որը մեկ անգամ ևս անհաջող փորձ է արել՝ արցախյան խոհանոցն ադրբեջանականին միաձուլելու ուղղությամբ, սակայն այդ փորձը կասեցվել է:
Տաղավարում ադրբեջանցիների մոտ կախված է եղել «Ղարաբաղ» ցուցանակը, սակայն հայ խոհարարները մոտեցել և պահանջել են հեռացնել այդ ցուցանակը: Դրան ի պատասխան ադրբեջանցի խոհարարների կազմակերպության անդամներն ասել են, որ իրենց կառավարությունը տարեկան 9 միլիոն եվրո ներդրում է անում իրենց խոհանոցը տարբեր երկներում ներկայացնելու նպատակով:
Նոյեմբերի 6-ից էլ Թուրքիայում հայ խոհարարները մասնակցելու են հայկական խոհանոցին նվիրված մեկշաբաթյակին: Ազգային կերակրատեսակները ներկայացնելուց բացի հայ խոհարարներն այստեղ մեկ շաբաթ շարունակ նաև վարպետության դասեր են անցկացնելու: