Հասարակություն

Հայաստանից ոչ միայն հեռանում են, այլեւ՝ վերադառնում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Դրսում դու միլիոնավորներից ընդամենը մեկն ես, և շատ հաճախ հայ լինելդ կարող ես հիշել տարվա մեջ ընդամենը մեկ օր՝ ապրիլի 24-ին, իսկ Հայաստանում տարվա 365 օրը կարող ես ապրել որպես հայ,  այստեղ ժամանակ կա ապրելու, մարդկային շփումներն ավելի ջերմ են». հայրենիք վերադառնալու այն հիմնական պատճառները, որոնք նշում են «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին դիմած մեր հայրենակիցները: Հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին, նպատակն էր օգնել բոլոր նրանց, ովքեր վերադառնալու և իրենց ապագան Հայաստանում կառուցելու որոշում կկայացնեն:

 

Մանուկ հասակում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված  Վարդան Մարաշլյանը  երեսուն տարի անց՝ 2010 թվականին  վերդարձավ Հայաստան, երբ ուներ կին, երեխա, իսկ երկրորդ երեխան ծնվեց հայրենիքում:  2012-ին ընկերների հետ հիմնեց «Վերադարձ Հայաստան»  հիմնադրամը, որի նպատակն է օգնել ու խրախուսել բոլոր նրանց, ովքեր վերադառնալու և իրենց ապագան Հայաստանում կառուցելու որոշում կկայացնեն: Վարդանի համոզմամբ հայրենիքի հզորացումը պիտի լինի Հայաստանում ապրող 3 միլիոն ու Սփյուռքում ապրող 7 միլիոն հայերի նպատակը:

2012-ից մինչ  օրս «Վերդարձ Հայաստան» կազմակերպությանն է դիմել շուրջ 800  մարդ տարբեր երկրներից, ըստ կազմակերոպության ղեկավարի նրանց մի մասն  արդեն հաստատավել է Հայաստանում, ինչպես նաև Արցախում: Կազմակերպության օգնությամբ 180 հոգի կարողացել է աշխատանք գտնել, 40-ը բիզնես նախագծեր են իրականացնում տարբեր ոլորտներում: «Վերադարձածների մեծ մասը  Հայաստանում ապրելու առավելությունների ցանկում առաջինը նշում է՝ այստեղ ժամանակ կա ապրելու, մարդկային շփումներն ավելի ջերմ են, երեխաների կրթության և դաստիարակության առումով ևս միջավայրը բարենպաստ է»,-ասում է Վարդան Մարաշլյանը:

Դրսում դու միլիոնավորներից ընդամենը մեկն ես, և շատ հաճախ հայ լինելդ կարող ես հիշել տարվա մեջ ընդամենը մեկ օր՝ ապրիլի 24-ին, իսկ Հյաստանաում տարվա 365 օրը կարող ես ապրել որպես հայ. հայրենադարձության ևս մեկ պատճառ, որն ավելի հաճախ նշում են վերադարձածները: Որպես նույն ճանապարհով անցած մարդ Վարդանը նշում է նաև խոչընդոտները , որոնք հանդիպում են վերադարձի որոշում կայացնելուց հետո: «Նախ սկսվում է հիստերիան՝ ուր ես գնում, Հայաստանից բոլորը հեռանում են: Սկսվում է չափազանցված սարսափազդու տեսարանների նկարագրությունը: Հետո գալիս ես Հայաստան ու հանդիպում առաջին տաքսու վարորդին, որն ապշած նայում է աչքերիդ մեջ ու  քեզ պարզապես որակում է՝ խելագար»: Հոռետեսության այս ողջ չափաբաժինը զրուցակիցս ժամանակին է հաղթահարել է, բայց ինչպես ասում է, լավ կլիներ եթե մարդիկ զերծ մնային հոռետեսության նման ներարկումներից:

Ըստ Վարդան Մարաշլյանի՝ վերադարձածների հանդեպ հայ հանրությունն այսօր ավելի հանդուրժող և բաց է, քան, ասենք տասը տարի առաջ, բայց խնդիրներն ամբողջությամբ հաղթահարված չեն: Մյուս կողմից էլ վերադարձածներն են երբեմն դժվարությամբ ինտեգրվում  հայաստանյան կյանքին, շարունակում են ապրել նախկին գաղութային սովորություններով ու  մտածելակերպով, բայց զրուցակցիս համոզմամբ, ամեն ինչ հաղթահարելի է, եթե բոլորիս նպատակը նույն է ՝ ստեղծել ուժեղ Հայաստան և դառնալ այդ Հայաստանի մի մասը:

Back to top button