Հասարակություն

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:

Այդ բոլոր տարիների ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք մեր հավատավոր ժողովրդի բարօրության, Հայ Առաքելական Եկեղեցու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման վեհ գործին: Դա հայրենանվեր առաքելություն է և արժանի է բարձր գնահատանքի:

Վստահ եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ կշարունակեք իրականացնել Ձեր ազգանպաստ գործը` քրիստոնեական հավատքի զորավոր ուժով լուսավորելով մարդկանց հոգիները, միաբան ու միասնական պահելով աշխարհասփյուռ հայությանը, քանի որ դա է մեր պայծառ ապագայի կերտման միակ ճիշտ ուղին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արևշատություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հավետ զորացում ու բարգավաճում»:

Ցուցադրել ավելի
Back to top button