ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը՝  ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից  Նիկոլայ Ռիժկովին է շնորհվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան՝ ի գնահատություն հայ ժողովրդին մատուցած արդյունաշատ ծառայությունների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի:

Մինչ շքանշանի հանձնումը Ռիժկովի կյանքին է անդրադարձել Հերմինե Նաղդալյանը՝ ներկայացնելով նրա անցած կյանքի պատկառելի ընթացքն ու գործունեությունը, մասնավորապես ընդգծելով այն նվիրումը, որ Նիկոլայ Ռիժկովը տասնամյակներ շարունակ դրսևորել է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, որով Նորին Սրբությունը զարդարել է Նիկոլայ Ռիժկովի կուրծքը` ի նշան հարգանքի և սիրո զգացումների, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ տածում է մեծանուն գործչի հանդեպ:

Իր օրհնության խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Ն. Ռիժկովի այցը համայն հայության հոգևոր կենտրոն, շնորհավորել է նրան շուրջ մեկ ամիս առաջ Ռուսաստանի Դաշնությունում մեծ շուքով տոնախմբված նրա ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով կենաց արևշատություն և նորանոր բարի իրագործումներ իր նվիրյալ գործունեության ընթացքում: Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Նիկոլայ Ռիժկովի ունեցած կարևոր ներդրմանը և Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես դրսևորվող նրա ջերմ վերաբերմունքին՝ Նորին Սրբությունը նաև գնահատանքով է խոսել այն օգտաշատ ծառայության մասին, որ  Ն. Ռիժկովը հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում շարունակում է բերել՝ երկու երկրների գործակցության առավել արդյունավորման և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման համար:

Պարգևաբաշխության ավարտին իր սրտի խոսքն է ասել շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին և հավաստիացնելով, որ Հայ Եկեղեցու այս նվիրական պարգևը, որ հպարտությամբ է կրելու իր կրծքին, ավելի է պարտավորեցնում իրեն մեծ նախանձախնդրությամբ շարունակելու իր հետագա առաքելությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button