Հասարակություն

Բռնության երկու դեպք՝անցած եռամսյակում. ԽԱՊԿ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու զլմների իրավունքների խախտումների մասին 2014 թվականի երրորդ եռամսյակի զեկույցն է այսօր ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Կազմակերպությունն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափելու փորձեր, զլմների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ լրագրողական միջավայրում մտահոգության գլխավոր առարկա է դարձել իրավապահ մարմինների եւ դատական ատյանների կողմից համառությունը՝ ստիպելու, որ  զլմները բացահայտեն տեղեկատվության աղբյուրը: Սա կոմիտեն գնահատում է որպես խոսքի ազատությունը սահմանափակելու քայլ:

Կազմակերպությունն անցած եռամսյակում արձանագրել է լրագրողների նկատմամբ բռնության երկու դեպք: Այդ դեպքերը հայտնի են, մամուլը բավականին բուռն արձագանքել է դրանց: Անցած եռամսյակում արձանագրվել է նաեւ զլմների եւ լրագրողների նկատմամբ ճնշումների 8 դեպք, որից 6-ը՝ դատական գործեր են՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով, 1-ը՝ անօրինական հիմքով լրատվամիջոցից տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջ է, ինչը կոմիտեն նույնպես ճնշում է բնորոշում:

Աշոտ Մելիքյան. «Հատկանշական է, որ առհասարակ իրավապահ մարմինները փորձում են կոծկել այն միջադեպերը, որոնք որ տեղի են ունենում լրագրողների հետ: Հենց այդ անպատժելիության մթնոլորտն է, որ այդպիսի նոր հանցագործություններ է ծնում: Մենք 2 ֆիզիկական բռնության դեպքերն ենք ֆիքսել, որոնց առիթով, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ , նաեւ գործընկեր 6 լրագրողական կազմակերպություն հանդես եկան հայտարարությամբ եւ դատապարտեցին այդ միջադեպերը՝ պահանջելով մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը մեկով աճել են: Զլմների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը, 2014 թվականի անցած 9 ամիսների համեմատ, նվազել են 7-ով՝ 49-ից իջնելով 37-ի: 2013-ին նման 15 դեպք է գրանցվել, այս տարի՝ 8: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը   նաեւ նշել է, որ ավելացել են տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները:

Ցուցադրել ավելի
Back to top button