Տնտեսական

Մսի շուկայում գնաճի զսպումը՝ ՀՀ կառավարության գերխնդիրներից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ի տարբերություն աշխատանքի ու սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի,  «Ժամանակավոր անաշխատունակության » ու «Պետական նպաստների մասին » ՀՀ  օրենքներում նախատեսվող փոփոխությունների  վերաբերյալ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ լավ բան չի լսել: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության հերթական նիստի ժամանակ  հստակեցնելով նաև  իր դիրքորոշումը «Կառավարությունը որևէ քայլ չի անելու, որից կտուժի  թեկուզ և մեկ հղի կին»: Կառավարության գերխնդիրը լինելու է նաև  մսի շուկայում գնաճի զսպումը: Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունները Հովիկ Աբրահամյանին են փոխանցել:

 

 

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու նախաշեմին գործարարների անորոշությունն ու անհանգստությունը  կանխում  է ՀՀ վարչապետը:   «Մասնավոր հատվածը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է իրեն սպասվում 2015թ»  սա  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն է ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով:

«Պատկան մարմինները թող գործարարներին հրավիրել, մարդկանց տեղեկացնեն, թե ինչ է նրանց սպասվում ԵՏՄ-ին անդամակցելիս: Դա շատ կարևոր է»:

Սա այսօրվա միակ հանձնարականը չէր, հերթական հանձնարարականը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստացավ՝ այս օրերին ամենաշատը քննարկվող հարցերից մեկի վերաբերյալ՝ «ժամանակավոր անաշխատունակության» և «ՀՀ պետական  նպաստների» մասին օրենքի փոփոխությունների մասին է խոսքը :

Խնդրահարույց նախագծի վերաբերյալ կառավարության ղեկավարի դիրքորոշումը հստակ է՝ որևէ քայլ չի արվելու, որից կտուժի  թեկուզ և մեկ հղի կին: Մինչ  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  վստահեցնում էր, որ հանրային քննարկումները լավ  արդյունք են տալիս, հետևեց  Հովիկ Աբրահամյանի դիտարկումը.

«Մենք միշտ դժգոհություններ ենք լսում, լավ առաջարկ չենք լսել, նախագծի սկզբունքը պետք է սա լինի՝ որևէ հղի կին չպետք է տուժի»:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չորս տասնյակից ավելի հարցերից մեկով  գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է խստացնել  Հնդկաստանից գոմեշի միս ներմուծող ընկերությունների առջև դրվող պահանջները, մասնավորապես մսի արտադրության ոլոր տում աշխատանքային տասը տարվա փոխարեն պահանջել 15 տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև սահմանել վտանգի աղբյուրների վերլուծության ու միջազգային ստանդարտների պարտադիր պահանջ:Ահա թե ինչ կտա առաջարկն ըստ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի. «Արդյունքում կզարգանա անասնաբուծությունը՝ խրախուսելով տեղական արտադրողներին»:

Կառավարության գերխնդիրը մսի շուկայում գնաճը զսպելը  պետք է լինի,  Հովիկ Աբրահամյանի դիտարկումն է, ով նաև փոխանցեց ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները, նրանք էլ են մսի շուկայում գների բարձրացում կանխատեսում: Նախագիծը կքննարկվի, համապատասխան որոշում կընդունվի, թե երբ՝ դեռ պարզ չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button