Քաղաքական

Առաջին աշխարհամարտն ավարտվել է Եվրոպայում, բայց շարունակվում է այստեղ

Լիանա Եղիազարյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Երեւանում լրագրողներին են հանդիպել մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունը կատարող միանգամից 3 դեսպաններ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի: Հանդիպումները քննարկումների ու թեմաների շատ լայն շրջանակ են ընդգրկել, լրագրողներն էլ հնարավորություն են ունեցել քաղաքական ամենաարդի հարցերն ուղղել նրանց:

Քեթրին Լիչը եւ Ռայներ Մորելը խոսել են «Եվրոպան առաջին աշխարհամարտից 100 տարի անց» թեմայով ու տեղեկացրել, որ մինչեւ տարեվերջ առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին նվիրված ծրագրերի մի ամբողջ ցանկ է իրականացվելու՝ այցելություն դպրոցներ, ժամերգություններ, համերգ-ներկայացումներ, խորհրդանշական ծառատունկ, իսկ վերջում՝ ֆուտբոլային խաղ երկու դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դիվանագետները նաեւ քաղաքական տարբեր հարցերի են պատասխանել: Նրանք անդրադարձել են, մասնավորապես, հոկտեմբերի 27-ին Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը շեշտել է՝ այո, սա դրական քայլ է, բայց բեկումնային փոփոխություններ ակնկալել պետք չէ:

«Անշուշտ, դրական է այն, որ ոչ բարեկամական կողմերը կրկին հանդիպում են: Կարծում եմ՝ չպետք է չափազանց լավատես լինել  եւ այս հանդիպումից ակնկալել շոշափելի արդյունքներ, բայց նրանք պետք է փորձեն արդեն նաեւ բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել: Մենք շարունակում են պաշտպանել երեք համանախագահների դիրքորոշումը, կարծում ենք՝ բանակցային այս ձեւաչափը ճիշտ ճանապարհն է բանակցությունները շարունակելու համար»,- պատասխանել է դեսպանը:

Ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը նկատել է նաեւ՝ առաջին աշխարհամարտն ավարտվել է Եվրոպայում, բայց այն դեռ շարունակվում է այս տարածաշրջանում. հայ-թուրքական հարաբերություններում դեռ այն ժամանակվանից չլուծված թնջուկ կա: Պատմությունը փաստում է, որ հին թշնամությունները հաղթահարելու հաջող փորձեր կան, ու դա հսկա ջանքեր է պահանջում: «Պատմությունը փաստում է նաեւ՝ պետք է նաեւ ներողություն խնդրել, եւ մենք հուսով ենք, որ Թուրքիան այդ մասին կմտածի եկող տարի՝2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Թուրքիայում ձեւավորվող հասարակական տրամադրությունները տալիս են այդ հույսը»,-հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Այս ամենը մեզ ցույց տվեց, որ պետք է նաեւ, այո, ներողություն խնդրել, պետք է հաշտեցման դիրք բռնել եւ հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այս հարցի շուրջ»:

Ուկրաինայում ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման գործընթացները ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ այլ երկրների կստիպեն՝ Ուկրաինայի հետ նորմալ, լիիրավ երկխոսություն վարելու:

«Դա միջազգային իրավունք է, կան չափորոշիչներ, կա գործընթաց եւ դրանից որեւէ տեղ չես կարող փախչել»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ խոսելով այդ երկրում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:

«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Ուկրաինայի քաղաքացիները կատարեցին իրենց ընտրությունը հօգուտ եվրոպական ինտեգրացիայի: Ընտրությունները կայացան եւ արդյունքները ճանաչել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- շեշտեց Իվան Կուխտան: «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձն ամփոփել է Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձություններին եւ ռուս-ուկրաինական խնդիրներին վերաբերող դիտարկումները:

Ցուցադրել ավելի
Back to top button