Հասարակություն

«Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան երգի տեսահոլովակի պրեմիերան՝ այսօր

Արդեն պատրաստ է «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակը: Պրեմիերան կկայան այսօր՝ ժամը 21:30-ին, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ «սելֆի վիդեո» տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը:

Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը:
Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:

Ցուցադրել ավելի
Back to top button