Հասարակություն

Գոյություն ունի՞ պաշտոնյաների «դեդովշչինա»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանի մշտական հանձնաժողովները քննարկել են բյուջեից համայնքերին 2015-ին  հատկացվելիք գումարների հարցը:  Հատկացումների այս հատվածի հասցերատերը Երևանի քաղաքապետարանն է, մարզպետարանները ու բյուջեից դոտացիաներ   ստացող  համայնքները:

Ընդհանուր առմամբ՝ ոլորտին պետական գանձարանից հաջորդ տարվա ընթացքում  մոտ 44 մլրդ դրամ է ուղղվելու, դրանից մոտ 12 մլրդ-ը Երևանին, 2-ից 4-ական մլրդ էլ ՝ մարզերին: Ըստ բյուջետային հատկացումների՝ մարզերի առաջին եռյակը  դասավորվում է  հետևյալ հերթականությամբ՝ Արագածոտն, Շիրակ,  Արարատ, բյուջեից ամենաքիչ գումարը՝ 920 մլն, ստանալու  է Վայոց ձորը։

Բայց մինչ քննարկումը, թե որ մարզն ինչքան գումար է ստանալու ու ինչպես է ծախսելու, մեկ այլ հարց կար, որ հետաքրքում էր մասնավորապես Նիկոլ Փաշինյանին: Հարցը, ի դեպ, պատգամավորը բարձրացնում է արդեն երրորդ բյուջետային քննարկումներն անընդմեջ։ «Ես 3 տարի պարտաճանաչ մասնակցում եմ ու 3 տարի չեմ տեսել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ես չեմ հասկանում` Հայաստանում պաշտոնյաների դեդովշինա՞ գոյություն ունի, արտոնյալները չեն գալիս, գալիս են առավել ոչ արտոնյալները»:

Փաշինյանը պատասխան չէր ակնկալում, ասաց, որ սա իր դիտարկումն էր, որ ցանկանում էր անել քննարկումը լքելուց առաջ։ «Ցտեսություն, ես ձեզ  արդյունավետ քննարկում և ամենայն հաջողություն եմ մաղթում»։

Պատասխան այնունամենայնիվ տրվեց: Նախ՝ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց քննարկումներին հարիր բառապաշար օգտագործել, իսկ Փաշինյանի նշած պաշտոնյաներին փոխարինողները տվեցին բացակայության բացատրությունները: «Երևանի քաղաքապետը հանրապետության նախագահի ղեկավարած  պաշտոնական պատվիրակության կազմում  Հորդանանում է»,- ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Իսկ ահա Սյունիքի մարզպետը որևէ պատվիրակության կազմում չէ, բայց տեղակալի հետ  նախապես քննարկել է բոլոր հարցերը և չի մնացել այնպիսինը, որ փոխարինողները չկարողանան  ներկայացնել: Սա արդեն Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանի բացատրությունն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button