Հասարակություն

ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը՝ ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ Կարեն Վարդանյանի հայտարարությանը

Հասմիկ Դիլանյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

«Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը խոչընդոտում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը»,- հայտարարությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանինն է, ով օրերս նաև հաղորդագրություն էր տարածել: Մասնագետն ահազանգ էր հնչեցնում՝  իրենց  անհայտ պատճառներով, վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետևանքով Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում:

Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160$), այլև անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը:

Հյուպատոսական ծառայության վարքագծի պատճառով  խաթարվում է տեղական և ԱՄՆ ընկերությունների համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում՝ ամերիկյան գործընկերների մոտ անվստահություն առաջացնելով թե՛ մեր ընկերությունների, թե՛ երկրի նկատմամբ:  Տեղեկացնենք, որ Հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանման շուկայի շուրջ 59 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 47 տոկոսը հիմնադրվել են ամերիկյան կապիտալով: Կարեն Վարդանյանի մտահոգությունը գործընկերներին կորցնելուն է ուղղված:

«ԱՄՆ դեսպանատունը հանդիպում է ունեցել ՏՏ համայնքի ղեկավար անձանց հետ՝ պարզաբանելու վիզաներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը և մենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը: Մենք գիտակցում ենք ՏՏ ոլորտի կարևորությունը Հայաստանում և կշարունակենք նպաստել ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ հետևողական լինելով ԱՄՆ վիզաների տրամադրման սահմանված կարգերին», «Ռադիոլուր»-ին պարզաբանել են  Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Ցուցադրել ավելի
Back to top button