Տնտեսական

Սամվել Ֆարմանյան.Խստագույնս պետք է պատժվի պետական միջոցները վատնող պաշտոնյան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Բարերաները հրաժարվել են Իրաքում եւ Դանիայում ՀՀ դեսպանությունների շենքերի վարձակալման գումարները վճարելուց: Պատճառների մասին խորհրդարանում չգիտեն, այս մասով բացատրություն չկարողացավ տալ նաեւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«Ես չեմ այն մարդը, որը ձեզ կպատմի, թե ինչու հրաժարվեցին բարերաները, որովհետեւ անձամբ չգիտեմ էլ, թե ովքեր են բարեգործները: Դե բարեգործությունը պարտադիր բան չէ, այնպես որ, եթե հրաժարվել են իրենք կներկայացնեն, թե պատճառները որոնք են:  Մոտ 1 միլիարդ դրամով ավելացել են դեսպանությունների գումարները՝ առաջին պատճառը դա է: Միայն այդ երկու դեսպանությունների պահպանման համար 347 միլիոն դրամ 2014 թվականի համեմատ լրացղուցիչ գումար ենք տվել: Այսինքն՝ այդ գումարը նախկինում բարեգործության հաշվին էինք անում»:

Պետական բյուջեի հաշվին, այսպես կոչված «ատկատների» միջոցով հարստացող պաշտոնյաների դեմ այսօր անզիջում պայքար հայտարարեց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խորհուրդ տալով բառի բուն իմաստով կտրել այդպիսի պաշտոնյայի ձեռքերը:

«Եթե մեր ֆինանսական միջոցներն իսկապես այնքան սուղ են, որ մենք մեր բժիշկներին, գիտնականներին, ուսուցիչներին, մյուսներին չենք կարողանում վճարել այնքան,  ինչքան նրանք իսկապես արժանի են, ապա պետք է պետական բյուջեի թեկուզ 1 դրամ գողացող մարդու ձեռքը բառի բուն իաստով կտրել: Խստագույնս պետք է պատժվի անկախ նրա զբաղեցրած դիրքրից «ատկատասիրությունից»: Ամբողջ 2015 թվականի ընթացքում հետամուտ եմ լինելու, որպեսզի մեր պետական պաշտոնյաներից նրանք, ովքեր շարունակում են անհագուրդ վերաբերմունք դրսեւորել պետական միջոցների նկատմամբ, հասկանան, որ նրանց ժամանակը կամ անցել է, կամ պետք է փոխվեն»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button