Քաղաքական

Շփման գծում լարվածությունը թուլացնելու շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ նախագահների հանդիպման կարեւոր արդյունք

Կարեն Ղազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Նախագահների հերթական հանդիպման տեսանելի կարեւոր արդյունքը  շփման գծում վստահության մեխանիզմների եւ լարվածությունը թուլացնելու հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունն է: Այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Խոսելով Փարիզում նախագահների հանդիպման մասին՝ վերլուծաբանը նկատել է, որ նախորդ երկու հանդիպումների համեմատությամբ այս անգամ այդ հարցերի շուրջ առավել հստակ է խոսվել:

Կան փորձագետներ, որոնք արդյունքներն ակնհայտ են համարում: Նրանք շեշտում են, որ մի կողմից առկա է հանդիպումների հաճախակիություն՝ երեք ամսվա ընթացքում երեք հանդիպում է տեղի ունեցել եւ երեք համանախագահող երկրներն էլ արդեն հանդիպում նախաձեռնել են: Այս հանգամանքը կարեւորելով՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանն, օրինակ, նկատեց նաեւ, որ վերջին՝ փարիզյան հանդիպման ժամանակ առավել հստակ խոսվեց շփման գծում լարվածության թուլացման մեխանիզմների մասին:

«Կարծում եմ, այս երեք հանդիպումների արդյունքն այն է, որ, կարծես, ստացվում է ապահովել նախագահների հանդիպումների մակարդակով ինչ-որ մշտական բանակցային ֆորմատ: Բոլորը հասկանում են, որ դա այս պահին եւ մոտակա ամիսներին, լավագույն դեպքում, հաջողությունների առումով կլինի այն, որ շփման գոտում վստահության մեխանիզմներ ստեղծվեն»:

Վերլուծաբան Սերգեյ Մինասյանը նաեւ նկատում է, որ լայնամասշտաբ կարգավորման մասին խոսք չի գնում, խոսք չկա նաեւ կարգավորման հիմնարար՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ ինչ-որ ընդհանուր համաձայնության գալու մասին: Քանի որ դա այդպես է, ուրեմն, լավագույն դեպքում, մենք շփման գծում կունենանք լարվածության թուլացման, միջադեպերի նվազեցման արդյունք: Թե Ադրբեջանն ինչքան ի վիճակի կլինի առաջ գնալու այդ հարցում՝ դժվար է երաշխավորել:

Վատագույն դեպքում էլ, վերլուծաբանի գնահատմամբ, կշարունակվեն  նախագահների մակարդակով հանդիպումները, ինչը նույնպես դրական է, քան յուրաքանչյուր միջադեպ շփման գոտում: Սրանից ավել զարգացում տեսանելի ապագայում, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի գնահատմամբ, չի լինի:

«Դա է ընդհանուր գնահատականը ե՛ւ երեկվա հանդիպմանը, ե՛ւ ընդհանրապես այդ եռակողմ հանդիպումների արդյունքների մասին»:

Back to top button