Տնտեսական

Հովիկ Աբրահամյան.«Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած բարքերն արմատախիլ անենք»

Լոսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած բարքերն արմատախիլ անենք, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է՝ այսօր խորհրդարանում մեկնարկած բյուջետային քննարկումների ժամանակ, ներկայացնելով հարջորդ տարվա ֆինանասկան գլխավոր փաստաթղթի նախագիծն  ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա ղեկավարած կառավարությունն առաջին  բյուջեն է ներկայացնում խորհրդարանին:

Նախագիծը Հովիկ Աբրահամյանը իրատեսական է որակել՝ սոիալական հստակ ուղղվածությամբ:  2015 թվականի բյուջետային ծախսերի մոտ  կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը:

Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականության գերակայություններին, ապա Հովիկ Աբրահամյանի խոսքով, թիրախը շարունակում է մնալ  խոշոր բիզնեսը, իսկ նպատակը՝ գործարար միջավայրի բարելավումն ու  ստվերի պակասեցումը :

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը:  Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ»:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսված եկամուտները կազմում են 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ ՝ նախորդ տարվա  ցուցանիշից  4.3 տոկոսով ավելի, ծախսերը ՝ 1 տրլն 298.60 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 114.12 մլրդ դրամ: Կառավարությունը 4.1 տոկոսանոց   տնտեսական աճ է նպատակադրում:

Ցուցադրել ավելի
Back to top button