Տնտեսական

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը՝ 2015 թվականի բյուջեի ամենակարեւոր առանձնահատկություններից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2015 թվականի բյուջեն մի շարք առանձնահատկություններ ունի: Օրինակ այն, որ վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին բյուջեն է, որտեղ դպրոցների ֆինանսավորումը հաշվարկված է երեխաների թվի աճով: Մինչ այս դպրոց գնացող երեխաների թիվը ամեն տարի կրճատվել է, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսում են 1100-ով ավելի շատ կլինեն աշակերտները, քան այս տարի:

Առանձնահատկություն է նաեւ, որ ԵՄ  անդամ-երկրներից եւ այլ պետություններից Հայաստանը հաջորդ տարի ակնկալում է ստանալ մի շարք դրմաշնորհներ 20 միլիոն եվրոյի եւ 37 միլիոն դոլարի չափով: Սա այն դեպքում, երբ Հայաստանը 2015-ին արդեն հանդիսանալու է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ այս փաստը, թերեւս ամենակարեւոր առանձնահատկությունն է, որ պետք է հաշվարկված լինի հաջորդ տարվա բյուջեում: Թե այս մասով ինչ է հաշվարկել Կառավարությունը, ներկայացնում է Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

« Պետական բյուջեի նախագիծը, քանի որ ներկայացրել ենք Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներին՝ հոկտեմբերի 1-ին է ներկայացվել, այն ժամանակ ԵՏՄ-ի հետ դեռեւս կնքված չէր համաձայնագիրը եւ այս բյուջեի նախագծի մեջ միության հետ հարաբերությունները արտացոլված չեն: Գնահատականներ ընդհանուր առմամբ կան, որովհետեւ չլինեին գնահատականները՝ չէր լինի ԵՏՄ-ին մեր միացումը, սակայն բյուջետային ֆինանսական տեսակետից դրանք պետք է բերել հստակ հաշվարկների մակարդակի»:

Թվային սպասելինքները ԵՏՄ-ից մասնագետները դեռ հաշվարկում են, թե ՀՆԱ-ի աճի, մակրոտնտեսական, եկամուտների, գնաճի վրա ինչ հնարավոր ազդեցություն կունենա նոր միությունը: Կանխատեսումների փաստաթղթային արտացոլումը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, խոստացավ Պավել Սաֆարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button