ՀասարակությունՔաղաքական

Թուրք մտավորականը պարգեւատրվել է հուշամեդալով

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպությունը որոշում է կայացրել մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը հրավիրել արևմտահայերի ազգային 4-րդ համագումար և այնտեղ քվեարկել,  հրապարակել և Թուրքիայի պետական ու հասարակական շրջանակներում ներկայացնել արևմտահայերի իրավաքաղաքական պահանջագիրը: Սակայն 4-րդ համագումարին ընդառաջ հոկտեմբերի 12-ին ընդհանուր ժողովի ժամանակ  համագումարը հիմնադրեց Գևորգ հինգերորդ Սուրենյանց կաթողիկոսի անունը կրող հուշամեդալ, որով էլ պարգևատրվելու են Թուրքիայի այն  մտավորականները, որոնք իրենց գիտական, գրական և լրագրողական աշխատանքներով կարողացել են  ցեղասպանությունը ժխտելու հանցանքի դեմ բացահայտել ցեղասպանության ճշմարտության կարևոր տեսություններ և ապացույցներ: Այսօր նման աշխատության հեղինակ Իսմայիլ Բեշիկչին պարգևատրվել է հուշամեդալով:

Թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչի: Անուն, որը հեղինակել է տասնյակ գիտական աշխատություններ, որոնք էլ հակասում են Թուրքիայի կողմից պատմությունը խեղաթյուրող պաշտոնական տեսակետը: 1970 –ականներին սկսել է գրել հայոց ցեղասպանության մասին: Բեշիկչին, հակառակ իր դեմ գործող թուրքական դատական և ոստիկանական մարմիններին, իր կարծիքն ազատ արտահայտելու համար ավելի քան 15 տարիներ անցկացրել է թուրքական  բանտերում: Տարբեր գիտական աշխատություններում թուրք մտավորականը առաջ է քաշել հիմնականում երկու տեսակետ՝ այն է քրդական հարցը կարևորել միջին արևելքում, քանի որ Քրդստանի հարցը չի վերաբերում միայն Սիրիային, Իրանին և  Իրաքին, այլ  ամբողջ աշխարհին:

Իսկ քրդական հարցի ուսումնասիրությունների ընթացքում էլ հանդիպել է հայկական հարցին:  Գրեթե բոլոր աշխատություններում նա պնդում է, որ իր համար առաջին ցեղասպանությունը եղել է 1915 թվականին հայերի հանդեպ կատարվածը:

«1939 թվականին, երբ Հիտլերը նախագծում էր հրեաների հանդեպ ցեղասպանությունը, այդ ժամանակ որոշ մտավորականներ դեմ դուրս եկան՝ ասելով, որ դա կարող է համաշխարհային քաղաքականության դաշտում վատ իրավիճակների մեջ դնել իրենց: Հիտլերն էլ պատասխանել է, երբ 1915 թվականի ցեղասպանությունը եղավ, ով իմացավ դրա մասին և ով պատժեց Օսմանյան կայսրությանը: Եվ մեր կազմակերպած ցեղասպանությունն էլ կարող է մնալ անպատիժ: Ուսումնասիրություններիս արդյունքում էլ հասկացա, որ քրդական ու սիրիական հարցը հայոց ցեղասպանության տրամաբանական  շարունակությունն է: Եթե հայոց ցեղասպանություն երբևէ պատժվեր, քրդական հարցը չէր լինի»:

Իր գիտական աշխատություններում ներկայացված այս երկու տեսությունների համար էլ այսօր թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչին Արևմտահայերի ազգային համագումարի կողմից պարգևատրվեց  Գևորգ 5-րդ Սուրենյանց Տփղիսեցի կաթողիկոսի հուշամեդալով:

«Շնորհակալ եմ Արևմտահայերի ազգային համագումարին այս պատվին ինձ արժանացնելու համար:  Ես եկել եմ այն եզրակացության , որ այսօր պետություն չունեցող ազգերն են ցեղասպանվում: Այսօր, երբ այցելեցինք ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, այնտեղ տեսանք, որ կա նաև ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ըստ իս՝ այդ ինստիտուտը, նաև նմանատիպ այլ ինստիտուտներ,  պետք է իրենց աշխատանքներն  ավելի շատ ուղղեն այն ժողովուրդներին, ովքեր չունեն պետություն և արդյունքում ցեղասպանվում են: Սա կարծում եմ ամենաարդիական հարցն է, որով պետք է զբաղվեն ցեղասպանության ինստիտուտները»:

1915 թվականին Թուրքիան հայերի, իսկ 1940-ին՝ Գերմանիան հրեաների հանդեպ իրագործեց ցեղասպանություն, եթե այն ժամանակ մեծ պետությունն էր կատարել ցեղասպանություն, այսօր արդեն փոքրերն էլ են կարողանում նման սպանդ կազմակերպել, ասում է թուրք մտավորականը և առաջարկում այս ամենի դեմն առնելու տարբերակը. անհրաժեշտ է ժողովրդավրական կրթություն և առերեսում պատմության հետ, երիտասարդ սերունդը պետք է իմանա այս ամենի մասին, որպեսզի հետագայում էլ կանխվեն  ցեղասպանությունները:

Back to top button