Հասարակություն

Գենդերային հավասարության վարկանշային աղյուսակում Հայաստանը տարածաշրջանի ամենավատ դիրքում է

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած 2014 թվականի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակի համաձայն՝ Հայաստանը 142 երկրների թվում զբաղեցրել է 103-րդ տեղը՝ տարածաշրջանում հայտնվելով ամենավատ դիրքում:

Ցանկում Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ: Տնտեսական մասնակցությամբ Հայաստանը հայտնվել է 82-րդ տեղում, կրթական մակարդակով՝ 31-րդ, առողջական պայմաններով՝ 142-րդ, իսկ քաղաքական իրավունքներով և հնարավորություններով՝ 123-րդ տեղում:

Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից գենդերային հավասարության մակարդակով. առաջատար դիրքը զբաղեցնում է Իսլանդիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գենդերային հավասարության ամենամյա ինդեքսը կազմող Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ զգալի բարելավվել են ցուցանիշները Ֆիլիպիններում և Ռուանդայում. երկու երկրներն էլ մտել են վարկանշային ցանկի երկրների առաջին տասնյակ:

Ինչպես նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում, ռուանդացի կանայք ստացել են առողջապահությանը և կրթությանը մեծ հասանելիություն, ինչպես նաև սկսել են զբաղեցնել նախարարական պաշտոններ:

Գենդերային անհավասարության բարձր մակարդակը շարունակում է պահպանվել Չադում, Պակիստանում և Եմենում, որտեղ իրավիճակը չի փոխվել անցած տարվանից:

Back to top button