Հասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի և սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:

Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն և արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում և հոգում:

Խորապես հարգելով բոլոր անհատների և հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձևավորման և պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն և ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում նաև ամենաբարդ իրավիճակներում:

Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը և շարունակելու Ձեր վեհ առաքելությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button