Տնտեսական

Հարկային արտոնությունը 2 անգամ կակտիվացնի տնտեսական գործունեությունը. Վադան Այվազյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ սահմանամերձ համայքներին հարկային արտոնություններ տրամադրելով ՝ կառավարությունը փոխում է տնտեսական քաղաքականության ուղղվածությունը.  հարկաբյուջետային կոշտ քաղաքականությունից անցում է կատարվում  առավել մեղմ քաղաքականությանը: Պատգամավորը  կանխատեսում է, որ հարկային արտոնությունները մոտ 2 անգամ կակտիվացնեն տնտեսական գործունեությունը ՝ ավելացնելով, սակայն, որ սա տեսականորեն, իսկ իրականում  պատկերը կարող է նաև այլ լինել:

Սահմանամերձ համայնքի բնակիչը  ինչպե՞ս է զգալու կամ արդյո՞ք զգալու է  կառավարության նախաձեռնած հարկային արտոնության ազդեցությունը: ԱԺ տնտեսկան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լավատես է. «Օգտվելու են բոլորը»:

Կօգտվե՞ր հենց ինքը՝ հանրապետական պատգամավորը, եթե  բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենար։ «Եթե ես առևտրի բիզնեսով զբաղվեի, ինչո՞ւ ոչ, ո՞նց եք մտածում, որ Դիլիջանում բիզնես ունեցողը չի՞ գնա, Կողբ գյուղում դնի կամ Ճամբարակում, որովեհտև այնտեղ արտոնություններ կան: Բա գիտեք  աշխարհքում ո՞նց են զարգացել»։

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին, հիշեցնենք,  ձայների 86 «կողմ», 5 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը՝ հարակից 8 նախագծերով: Օրենսդրական փաթեթով  նախատեսվում է սահմանամերձ համայնքներում կազմակերպվող արտադրական և առևտրային գործունեությունն ազատել  հիմնական  հարկերից:

Վարդան Այվազյանն ասում է, որ սա  հարկային քաղաքականության փոփոխություն է նշանակում՝  կոշտ մոտեցումներից անցում դեպի ավելի մեղմ քաղաքականության: Փոփոխությունը կառավարության հաշվարկով բյուջեի եկամուտների կնվազեցնի 2.5 մլրդ դրամով, փոխարենը՝ ակնկալվում է, որ կակտիվացնի տնտեսական գործունեությունը։ «Եթե 2.5 մլրդ հարկային պարտավորությունների մասին է խոսքը, ապա հետադարձ հաշվարկով ստացվում է, որ  խոսքը 10 մլրդ շրջանառություն ազատում ես հարկերից: Տնտեսագիտական հաշվարկով  սա պետք է մոտ 1.5- 2 անգամ մեծացնի տնտեսական ակտիվությունը»։

ԱԺ քննարկումների ժամանակ պատգամավորները մտահոգություն հայտնեցին, թե կառավարությունը մի կողմից հարկային արտոնություն է սահմանում, մյուս կողմից՝ խստացնում է փաստաթղթավորման պահանջները: Արդյունքնում ՝մարդիկ հարկային բեռի թեթևացումից ստացվում է դժգոհում են: Սա եղավ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումից  հետո։

Հնարավո՞ր է, որ նույնը տեղի ունենա նաև այս փոփոխություններից հետո, «Ռադիոլուրի» հարցին Վարդան Այվազյանը բացասկան պատասխան տվեց, բայց չհերքեց նաև, որ խնդիր, այնուամենայնիվ, կա։ «Ոչ, բայց մենք հարց ենք բարձրացրել, որ գոնե շրջանառությունը ֆիքսելով՝ փաստաթղթի խնդիրը հանենք խանութների համար։ Տեսնենք»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button