ԿարևորՀասարակություն

Հայաստանում է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին: Կարդինալը այցի շրջանակներում կայցելի Էջմիածին և կհանդիպի Նաթան Սրբազանի հետ, Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը  կայցելի նաև «Գաֆեսճեան» արվեստի կենտրոն և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Մինչ այդ սակայն, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին հանդիպել է Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի անդամների և ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի կատալոգի հայերեն և ռուսերեն թարգմանությունների շնորհանդեսը: 

 

 

Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին դարձյալ Հայաստանում է և դարձյալ ԵՊՀ-ում: Հանդիպելով համալսարանի գիտխորհրդի անդամների և ուսանողության հետ՝ կարդինալը նշեց, որ բավականին ամուր է իր կապը հայ ժողովրդի հետ: Այդ կապն էլ ավելի է ամրացել հայ  մշակույթի և գրականության ճանաչմամբ, քանի որ հայ գրականությունը սկսվել է Աստվածաշնչի թարգմանությամբ: Լավատեղյակ լինելով նաև հայ պատմության ականավոր գործիչների աշխատություններին՝ կարդինալը նկատեց, որ այ պատմության մեջ առանձնանում է Հայոց Մեծ Եղեռնը, որի 100 ամյակը կլրանա հաջորդ տարի: Դրամատիկ այս ողբերգությանը Ջանֆրանկո Ռավազին առաջին անգամ ծանոթացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից: Կարդինալը լավ ծանոթ է նաև Դանիել Վարուժանի թողած հոգևոր ժառանգությանը:Նրա վրա, սակայն, ամենամեծ տպավորությունը թողել են Գրիգոր Նարեկացին և հայոց առաջին քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը, վերջինիս մասին կարդինալն անգամ գիրք է գրել, որն էլ այսօր ներկայացրեց Մայր Բուհին:

Կարդինալի հեղինակած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» աշխատությունը, որը նկարազարդ է, վերաբերում է հայոց առաջին քահանայապետ Գրիգոր Լուսավորչի կյանքին, կերպարին, գործունեությանը: Այս աշխատանքը չափազանց կարևոր է, ապացուցում է, որ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեական կրոնի պատմության մեջ անգնահատելի դեր է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ ամբողջ քրիստոնեական կրոնի համար», իր հերթին նկատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Կարդինալի հեղինակած գիրքը շատ կարևոր է հատկապես երիտասարդների համար: Այն կարող է ուղեցույց լինել՝ ճանաչելու այն վայրերը, որտեղ գտնվում են հայ մշակույթի կենդանի ապացույցները՝ խաչքարերը: Կարդինալը նշեց, որ այս աշխատությունը հայ մշակույթը պահպանելու համար է, քանի որ հայկական խաչքարերը, ձեռագրերը, եկեղեցիներն ու հուշարձանները պարզապես բղավում են հայկական մշակույթի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button