Հասարակություն

Ադրբեջանցի դիվերսանտները մեղքն ընդունում են մասնակի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Այսօր Ստեփանակերտում, ԼՂՀ առաջին ատյանի դատարանում, սկսվել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու, ապօրինաբար հրազեն և զինամթերք կրելու, մարդ առևանգելու, անչափահասի սպանության և ազգային շարժառիթներով սպանությունների փորձի մեջ: Ամբաստանյալներն իրենց մեղքն ընդունում են մասնակի։Շահբազ Գուլիևն ասաց, որ Սմբատ Ցականյանի մահվան մեջ մեղավոր չէ, սակայն չժշտեց, որ որ տղան իրենց խմբի կողմից է սպանվել։

Ամբաստանյալների շահերը դատարանում պաշտպանում են ԼՂՀ փաստաբանական պալատի անդամներ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:

Տուժող կողմ հանդես են գալիս դիվերսանտների զոհ դարձած Սմբատի հայրը՝ Մեխակ Ցականյանը  և նյութական վնաս կրած Վրեժ Բալայանը:

Հաշվի առնելով  գործի կարևորությունը՝ ձեռնարկված են անվտանգության միջոցառումներ, սակայն  իրադարձությունների ընթացքը ցույց  տվեց, որ  դատարանի դահլիճում և դատարանի շենքի շուրջ ամեն ինչ  խաղաղ է։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը խոսելով դատավարության ընթացքի մասին նշեց, որ Ադրբեջանի իշխանությունը սահմանախախտման այս դեպքը կազմակերպել էր հենց միջազգային հարթակներում հակահայկական հերթական քարոզչությամբ զբաղվելու համար, սակայն դատավարության նկատմամբ միջազգային կառույցների՝ դատավարության նկատմամբ արձագանքի բացակայությունը ցույց են տալիս որ այդ նպատակները չեն իրականացել։

Արցախյան կողմը տվյալ իրավիճակում կարողացել է համարժեք քայլեր կատարել: Դատավարությունն ընթանում է գործող օրենսդրությանը համապատասխան:

Ցուցադրել ավելի
Back to top button