Հասարակություն

Ս. Սարգսյան. Խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Իրավունք» թերթը նշում է գործունեության 25- րդ տարեդարձը: Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանն այսօր մասնակցել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով ողջունել է թերթի նախկին ու ներկա աշխատակիցներին, հանձնել պարգևներ։

1989 թվականի ապրիլին  հիմնած Սահմանադրական իրավունք միության պաշտոնաթերթը դարձավ «Իրավունքը»։ Թերթի ձեռագիրը  ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ այսօր նույնն է , այն է՝ պրոֆեսիոնալիզմ և անաչառություն>>,-ասում է «Իրավունքի» խմբագրական խորդրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը։

«Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որևէ հաստատության համար, լրատվամիջոցի համար՝ առավել ևս։ «Իրավունքը», փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաև «Իրավունքի» նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը։ Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության և հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ»,- հոբելյանական միջոցառմանն իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ «Իրավունքն» իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվադաշտում։

Խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է, փաստեց Սերժ Սարգսյանը՝ «Իրավունքի» խմբագրական խորդրդի նախագահ, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանին պարգեւտրելով Մովսես Խորենացի մեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button