Տնտեսական

Բացվեց «Երեւան շոու-2014» 4-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այսօր բացվել է «Երեւան շոու-2014» 4-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի կողմից: Ցուցահանդեսը բացվել է «Միրիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու մեկնարկով:

Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալել է 25 երկրի հայտնի ոսկերչական եւ ժամագործական ավելի քան 100 մասնակից ընկերություն եւ մոտ 200 արտասահմանյան գնորդ: Հայաստանից մասնակցում է 25 տեղական ընկերություն։

Միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական իրեր, մարգարիտով, մարջանով զարդեր, ժամացույցներ, ինչպես նաեւ ոսկերչական արտադրության սարքավորումներ եւ գործիքներ:

«Երեւան շոու-2014» 4-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Ցուցադրել ավելի
Back to top button