

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Մենք առայժմ ծանոթ ենք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին. մեր գնահատականը դրական է, բայց կարևոր է, թե հայեցակարգային դրույթներն ինչ կոնկրետ դրսևորումներ են ստանալու ՝ այսօր ասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Նա Երևանում է սահամանդրական երկօրյա խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Հայեցակարգի թույլ և ուժեղ կողմերի մասին խոսելով ՝ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ փաստաթուղթն ընդգծված թերություններ չունի, բայց հանձնաժողովն առաջարկում է հստակեցնել ընդդիմության լիազորությունների մեծացմանը վերաբերող առաջարկները:
« Ընդգծված թերություններ հայեցակարգը չունի, թեև բարելավելու տեղ միշտ էլ կա: Լավ կլիներ, եթե քաղաքական փոքարամասնության իրավունքների հատվածը ավելի մանրամասն լիներ: Բայց մի քանի կարևոր մեխանիզմ ամրագրված է: Խոսքը ԱԺ փոխնախագահի, մի շարք հանձնաժողովների նախագահների պաշտոնները ընդդիմությանը տալու մասին է: Կարևոր է նաև, որ Հայաստանը որոշել է գնալ խորհրդարանական կառավարման մոդելով»:
Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն արդյունավետ կարող են լինել միայն քաղաքական լիարժեք համաձայնության դեպքում: Այս հարցն էլ լրագրողներն ուղղել են Սահմանադրական դատարանի նախագահին. ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են սահամանդրական բարեփոխումներին, չկա մտավախություն, որ գործընթացը կարող է ձախողվել:
« Ինչու պետք է մտավախություն լինի: Սա գործընթաց է, որը կարող է տարբեր ավարտներ ունենքլ: Կարևոր է, որ մասնագիտական հանձնաժողովն իր գործն արեց. Ներկայացրեց փաստաթուղթ, որը մասնագիտական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձր գնահատականի արժանացավ: Այժմ քաղաքական քննարկումների փուլն է, և պետք է նորմալ վերեբերվել դրա ընթացքին: Զարգացումները ցույց կտան ՝ համաձայնություններ կլինեն, թե ոչ: Բնական գործընթաց է»: