Հայ թատրոնի հենասյուներից մեկն այսօր կդառնար 85 տարեկան


Ալիսա Գևորգյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայ թատրոնի հենասյուներից մեկը, հայ կինոյի նահապետը, հոգեբանական կերպարների զուսպ վարպետը, բնորոշումների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց նրա ամենադիպուկ բնորոշումը, թերևս, մեկն է՝ հայը : Սոս Սարգսյանն այսօր կդառնար 85 տարեկան:
«Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա, ձեն ձենի տված՝ գնացին: Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում, լռություն է: Սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու՝ ուրիշ: Կարծում եք հեշտ է, երբ ընկերներդ վաղուց հեռացել են, իսկ դու շարունակում ես ապրել»: Կյանքի վերջին տարիներին այսպիսի խոսքեր Սոս Սարգսյանից հաճախ կարելի էր լսել: Այսօր նա էլ չկա, բայց կան նրա ֆիլմերը, Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգությունը , որը ստեղծեց Սոս Սարգսայանը կյանքի 83 տարիների ընթացքում:
«Նա հրաշք մարդ էր, մեկը, ով սարքում էր այս երկիրն իրենով, իր կերպարով, իր հայացքով, իր աշխարհընկալմամբ: Նրա ներկայությամբ դու ավելի լավն էիր, որովհետև այլ կերպ հնարավոր չէր»,-ասում է Հրաչյա Գասպարյանը: Այսպիսին էր Սոս Սարգսայանն այն մարդկանց հիշողություններում, ովքեր կյանքի ինչ որ հատվածում ապրել ու քայլել են նրա հետ միևնույն ճանապարհով: Վարպետի ծննդյան օրն այսօր, ավաղ, արդեն երկրորդ անգամ նշվում է առանց հոբելյարի: Սոս Սարգսյանին է նվիրված «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձը: