

Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի հանցագործությունների հանցագործության ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում, The New York Times-ում հրապարակված ներդիրում տպագրված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։
Նա այս միտքը բնորոշել է որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Միացյալ Նահանգների կառավարությանն ու հանրությանն ուղղված հիմնական ուղերձ:
Նույնիսկ այսօր մարդկությունը շարունակում է ականատես լինել ցեղասպանության նման հրեշավոր հանցագործությունների: «Պատմությունը շարունակելու է կրկնվել մինչև անցյալի
հանցագործությունները հստակ գնահատական չստանան: Այսօր որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք որոշակի պարտավորություն ենք զգում, քանի որ կրում ենք բացառիկ առաքելություն կանխարգելելու ցեղասպանությունների կրկնությունը»,- ընդգծում է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունն անառարկելի փաստ է` արձանագրված միջազգային հանրության կողմից, որն ապաստան է տրամադրել հարյուր հազարավոր հայերի, ովքեր փախչել են Օսմանյան կայսրությունում ջարդերից: «Այսօր նույնիսկ թուրքական հասարակության ուսյալ շերտերը հաշտվել են իրենց անցյալի հետ` դեմ դուրս գալով պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշմանը»,- նշել է Սարգսյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է նաև, որ քանզի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները միջազգային հանրության համար դարձել են բացարձակ արժեք, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ներկայիս աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: «ԱՄՆ-ի հզորությունը նույնպես պայմանավորված է այս արժեքների հանդեպ իր հանձնառությամբ: ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ութ որոշում, այն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 40 նահանգներում: 1980-ականների Ռեյգանի վարչակազմը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությանը: Վաղ թե ուշ Թուրքիան ևս ստիպված կլինի հաշտվել իր պատմության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը։