Շատ ուշացած, բայց պետք է ստեղծենք Ցեղասպանության զոհերի անունների շտեմարան. Ամատունի Վիրաբյան


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Շատ ուշացած, բայց պետք է ստեղծենք Ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Հրեաները Հոլոքոստի զոհերի վեց միլիոն անուն են հավաքել, երեք միլիոն լուսանկար: Մեր դեպքում այդ թիվը փոքր է, որովհետև շատ ենք ուշացել: Այդուհանդերձ առնվազն 300 հազար անուն հնարավոր է հավաքել»,- այսօր ասել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրավյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
100 տարի առաջ աշխարհը հայտնվեց առաջին համաշխարհային պատերազմի ճիրաններում, որից անմասն չմնաց նաև հայ ժողովուրդը և որի ուղղակի հետևանքն էր նաև հայոց ցեղասպանությունը: Հայստանի ազգային արխիվը պատրաստել է «Հայերի մասնակցությունն առաջին համաշխարհային պատերազմին» վերնագրով ռուսերեն ժողովածու, որը լույս է տեսել Մոսկվայում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նաև տեղեկացրեց. հրատարակվել է «Հայերի ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում» եռահատոր ժողովածուն, որի առաջին հատորը լույս է տեսել նաև անգլերեն, թուրքերեն լեզուներով:
Ռուսերեն լեզվով հրատարակվել է հայերի նյութական մշակութային կորուստների մասին ժողովածուների շարքի առաջին հատորը: «Շատ ուշացած, բայց փորձելու ենք ստեղծել ցեղասպանության զոհերի անունների շտեմարան»,-ասում է Ամատունի Վիրաբյանը. «Հրեաները Հոլոքոստի զոհերի վեց միլիոն անուն են հավաքել, երեք միլիոն լուսանկար: Մեր դեպքում այդ թիվը փոքր է, որովհետև շատ ենք ուշացել: Այդուհանդերձ առնվազն 300 հազար անուն հնարավոր է հավաքել»:
Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկը կոչվում է «Հարյուր մարդ»: «Փորձելու ենք աշխարհին ներկայացնել 100 անուն, հայեր, որոնք փրկվել են ցեղասպանությունից ու ապրելով տարբեր երկրներում համաշխարհային ճանաչման են հասել մշակույթի, գիտության ու բիզնեսի ոլորտներում»,-ասում է ազգային արխիվի տնօրենը:
«Օրինակ Արշլլ Գորկի, նկարիչ, ով վանեցի էր, փրկվեց ցեղասպանությունից ու դարաձավ համաշխարհային դեմք»:
«Ամեն ինչ 100-ամյակով չի ավարտվում, 100-ամյակով միայն սկսվում է»: Վիրաբյանի ձևակերպմամ սա երկար պայքար է: Ազգային արխիվի տնօրենը վստահեցնում է.«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ապացուցելու, որ 1915 թվականին կատարվածը ցեղը, տեսակը վերացնելու նպատակով իրականացված կազմակերպված ցեղասպանություն էր»: Հանդիպման ավարտին Ազգային արխիվի տնօրենն այսօր հիշեցրեց նաև երկու կարևորագույն բացթողումների մասին. մենք չունենք օսմանագետներ և միջազգային չափորոշիչներին համապատասխան փաստաբաններ :