Հասարակություն

Զարուհի Փոստանջյանը ՀՀ կառավարությանը օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ:

Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված առաջարկության փոխարեն դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ը ընդունել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Ելնելով շարադրվածից, ՀՀ կառավարությունը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում»,- ասված է փաթեթի վերաբերյալ գործադիրի եզրակացության մեջ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ:

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով: Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին բանաձեւ (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւ:

ՀՀ ԱԺ «Ժառնագություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն են ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: ՀՀ կառավարությունը գտնում է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, առնչվում է հասարակության լայն շերտերին: Դրա շուրջ տարբեր ժամանակներում բուռն քննարկումներ են եղել խորհրդարանում: «Կարծում ենք, որ հարցի վերաբերյալ վերջնական եզրակացության ձևավորման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ, ինչն էլ թույլ կտա ոչ միայն վեր հանել հարցադրումները, ներկայացնել ու լուսաբանել մոտեցումները, այլև կնպաստի կշռադատված, հանրորեն ընկալելի ու հիմնավորված որոշման ընդունմանը»,- նշված է գործադիրի եզրակացության մեջ: Նույնն առաջարկել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը` քննարկել հասարակության անդամների, խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացոցիչների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button