Հասարակություն

Աչքի շարժական հիվանդանոցն Արմավիրի մարզում է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ

Օրանժ հիմնադրամի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 8-ից  աչքի շարժական հիվանդանոցն Արմավիրի մարզում  իրականացնում է աչքի վիրահատություններ: Նրանց նպատակը մեկն է՝ պայքարել ձեռքբերովի կուրության դեմ:  Աչքի  շարժական հիվանդանոցի համակարգող ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը նշել է, որ Արմավիրի մարզում ավելի շատ են շաքարային դիաբեդով հիվանդները, որոնք արդեն ունեն ձեռքբերովի կուրություն:

 

 

Հայկական ակնաբուժական նախագծի   «Լույս հայի աչքերին»  ծրագրի շրջանակներում 2003 թվականից սկսած աչքի շարժական հիվանդանոցը Արմավիրի մարզում օգնել է բազմաթիվ մարդկանց ձերբազատվել ձեռքբերովի կուրությունից և վերականգնել տեսողությունը:  Սկզբում հետազոտություն, հետո՝ վիրահատություն: Հետազոտող բժիշկներն Արմավիրի մարզում լինում են մինչև շարժական հիվանդանոցի տեղակայումը:  Հիմնական շահառուները սոցիալապես անապահով խավն է, որոնք հնարավորություն չունեն մայրաքաղաքի աչքի կլինիկաներում բուժել տեսողությունը և օգտվում են աչքի շարժական հիվանդանոցից, որի նպատակով էլ այն ստեղծվել է: Շահառուներից բացի  բացառության կարգով վիրահատում են նաև այն  հիվանդներին, որոնք  կուրացել են, այս մասին տեղեկացրեց   աչքի շարժական հիվանդանոցի համակարգող ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը:

Աչքի ամենատարածված հիվանդությունը կատարակտն է՝ ոսպնյակի պղտորումը, որոնք հիմնականում առաջանում են տարեցների մոտ:  Աչքի շարժական հիվանդանոցում հերթական վիրահատությանն էին սպասում  83-ամյա Պատվական Մխոյանը, ում մոտ նույնպես գրանցվել է մեկ աչքի կատարակտ: Հիվանդը նշեց, որ չնայած պատկառելի տարիքին մյուս աչքով ավելի լավ է տեսնում:

Նեկտար Օրինակյանը 2 աչքից  կույր է և չունի որևէ սոցիալական խումբ, բայց արդեն  պառկել էր վիրահատական սեղանին, նրա  հույսը մեծ է կրկին վերականգնելու  տեսողությունը :  Հիվանդին ուղեկցող աղջիկը նույնպես հավատացած է դրանում:

Վիրահատություններն իրականացվում են ակնաբուժական նորագույն սարքավորումների ու տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Արմավիրի մարզում շատ մեծ թիվ են կազմում շաքարային  դիաբեդով հիվանդները, որոնց մոտ արդեն հայտնաբերվել են  կուրության նշաններ: Ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը նշեց, որ ինքը օրական 2-3 շաքարախտով հիվանդների է  վիրահատում:

Արմավիրի տարածքի շաքարային դիաբեդով հիվանդներին հերթագրել են նաև Էջմիածին քաղաքում  նախատեսված աշխատանքի ընթացքում, որտեղ աչքի շարժական հիվանդանոցը կլինի հոկտեմբերի 27-ից:

Back to top button