Քաղաքական

Փաթեթ ամեն ինչի, բայց ոչ սահմանամերձ համայնքերի մասին. Նիկոլ Փաշինյանն է ասել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր վերսկսել է սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական  գործունեության համար հարկային  արտոնություններ առաջարկող օրենսդրական փաթեթի  քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանն այն Ազգային Ժողովին ներկայացրել էր երեկ:

Կառավարությունն առաջարկում է սահմանամերձ համայնքներում իրականացվող արտադրական գործունեությունն ազատել  ավելացված արժեքի հարկից, իսկ առեւտրային  գործունեությունը՝ շրջանառության հարկից: Պատգամավորներն այսօր շարունակել են հարցեր տալ կառավարության ներկայացուցչին, հարակից զեկույցով հանդես է եկել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վարդան Այվազյանը փաթեթը շրջադարձային է որակել, իսկ դրա առնչությամբ հնչող  քննադատությունը՝ զավեշտալի:

«Իրականում, նոր տնտեսական քաղաքակնությունը, որը հռչակել է նոր կառավորությունը, գործողության մեջ է: Ինձ համար զավեշտալի է, որ բյուջեի եկամուտները նվազեցնող, քաղաքացու վիճակը բարելավող օրինագիծը քննադատության է արժանանում»:

Իսկ այսօրվա նիստին այդ  քննադատությունը հնչեցրել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ փաթեթն ամեն ինչի մասին է, բայց ոչ սահմանամերձ համայնքերի:  Պատգամավորը հիշեցրել է «Շրջանառության հարկի» մասին օրենքում կատարված փոփոխությունները , «երբ առեւտրականները դուրս եկան փողոց ու ասին՝ ախպեր, չենք ուզում ձեր հարկային արտոնությունը, թողեք հանգիստ աշխատենք: Հիմա այս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի փոքր օբյեկտների աշխատողներին: Դուրս են գալու ցույց անեն, ճամփա փակեն, ասեն ձեր արտոնությունները չենք ուզում, որովհետեւ այնքան նշել եք, թե ՀԴՄ կտրոնը ոնց պիտի լինի, թուղթը ոնց պիտի լինի, հաշիվը ոնց պիտի լինի, էլեկտրոնային եղանակով պիտի լինի», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդհանուր առմամբ՝ հարկային արտոնությունները  բյուջեի եկամուտները կնվազեցնեն 2.5 մլրդ դրամով: Դրանք կտարածվեն 26-47 բնակավայրերի վրա: Համայանքերի վերջնական ցանկը կհաստատվի կառավարության կողմից, իսկ արտոնոթւյունները, նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնեն 2015- ի հունվարի 1-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button