Քաղաքական

Վարչապետը հերքում է կառավարման ճգնաժամի մասին գնահատականները

 Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել և խորհուրդ եմ տալիս ձեզ չխոսել այդ մասին, քանի որ նախագահը դեռ չորս տարի ունի աշխատելու: Եվ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով այդ մասին հիմա խոսում է, դա ժամանակավրեպ է և կոռեկտ չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա նշեց, որ փոխվարչապետի պաշտոնի համար դեռ քննարկումներ կլինեն՝  ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով այդ պաշտոնում Գագիկ Բեգլարյանի եւ Վարդան Այվազյանի թեկնածության մասին լուրերը։

Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց ընդդիմության այն հայտարարությունների հետ, թե երկրում կա կառավարման ճենաժամ։ «Դուք տեսե՞լ եք որևէ մի հարց, որ մենք չենք կարողանում կառավարել: Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ նույնիսկ մենք փորձում ենք մեր լիազորությունները, պոտենցիալը 100 տոկոսով օգտագործել: Մենք առաջաիկայում կառավարելու ենք ավելի լավ, արդյունավետ։ Հաջորդ տարվա մեր բյուջեն, որ ներկայացնելու ենք Ազգային ժողով, ավելի իրատեսական է: Մենք պատասխանատվություն ենք կրում, քանի որ մենք ենք կազմել ի սկզբանե: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք ներկայացնում ենք և Ազգային ժողովի հավանությանն է արժանանում իրատեսական են, մենք կիրականացնենք 2015 թվականին»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ կառավարության ակտիվությունը, նախարարների այցելությունները փորձում են տնտեսության զարգացումն ապահովելու հիմքեր ստեղծել։ «Դուք բոլորդ գիտեք, որ այս արագ փոփոխվող աշխարհում մեծ խնդիրներ կան՝ տարածաշրջանային, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններ, որոնք ուղղակի իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Բայց դրա համար մենք լրացուցիչ միջոցներ ենք փորձում փնտրել, քայլեր, նախաձեռնություններ, որպեսզի կարողանանք ապահովել 4 տոկոս տնտեսական աճը, որ մենք նախատեսում ենք 2015 թվականի բյուջեում»,- նշել է վարչապետը։

Հովիկ Աբրահամյանը ասել է, որ կառավարությունը կամաց- կամաց փորձելու է լուծել տարիներով կուտակված խնդիրները։ «Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության նվազեցմանը և նաև արտագաղթի նվազեցմանը: Մենք հայտարարել ենք, դուք բոլորդ գիտեք, որ մեզ համար գերական մեր քաղաքացիներն են, մեր քաղաքացու սոցիալական խնդիրներն են»,- ասել է նա։

Վարչապետն առկա խնդիրները լուծելու համար  քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին, խորհրդարանական բոլոր ուժերին միասին աշխատելու կոչ է արել։

Ցուցադրել ավելի
Back to top button