

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այն բոլոր ծրագրերը, որոնք վերջին երկու տարիներին սառեցված վիճակում էին, կփորձենք տեղից շարժել, կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով Խաչատուր Քոքոբելյանի՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարին վերաբերող հարցին:
Պատգամավորը փորձել է առաջին ձեռքից պարզաբանումներ ստանալ Իրանի Իսլամական Հանրապետությունից երեկ վերադարձած վարչապետից: Տարբեր ձևաչափերով ընթացած հանդիպումները Հովիկ Աբրահամյանը արդյունավետ է գնահատել՝ հույս հայտնելով, որ արդյունքները շուտով տեսանելի են լինելու:
«Բոլոր այն ծրագրերը, որ վերջին 2 տարիների ընթացքում դանդաղ էին ընթանում կամ սառեցված էին, տեղից կշարժվեն: Բոլոր այն հարցերը, որ բարձրացրել է Հայաստանի պատվիրակությունը, ստացել են դրական պատասխան: Ես կարծում եմ, որ մենք ապագայում կոնկրետ կտեսնենք այդ պայմանավորվածությունների արդյունքները»։
Հարցերից մյուսն էլ վերաբերել է ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին ու դրանց հնարավոր ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա: Հ.Աբրահամյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում ֆինանսավորման ծավալներն ավելացնելու մասին։
«Քննարկել ենք հարցը, որ սանկցիաների կիրառումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այդ կոնտեքսոտմ նրանք տվել են իրենց համաձայնությունը վերանայել այն ֆինանսական փաթեթը, որը հաստատված է 2014-2017թթ,-ի համար: Համոզված եմ, որ այդ դեպքում համապատասխան աջակցություն ֆինանսական կառույցների կողմից կունենանք»,- ասել է վարչապետը։