Հասարակություն

Սահմանամերձ Բերդավանի հոգսերն ու բերդավանցիների չմարող հույսը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Տավուշի մարզ

Տավուշի մարզի Բերդավան գյուղը ուղիղ գծով  500-600 մետր է հեռու սահմանից: Տեղացիները սահմանապահներ են, վարժվել են կրակոցներին, սակայն, դրա պատճառով չեն պատրաստվում լքել գյուղը, միայն դժվար ապրելակերպն է խեղճացնում նրանց: Սոցիալական ծանր ապրելակերպը ստիպում է գյուղացուն` փակել դուռն ու աշխատանք որոնել այլ բնակավայրերում կամ օտար ափերում: Բերդավանում գյուղատնտեսությունը հետ է զարգանում, չունեն ոռոգման ջուր, հողերի մի մասն էլ սահմանային գոտում է:

 

 

Բերդավանը Նոյեմբերյանի տարածքի բնակչության թվով և տարածքով  ամենամեծ գյուղերից մեկն է:  Գյուղը սահմանակից է  Ադրբեջանի Քյամառլու գյուղին: Բերդավանում 1431 հա-ից ավելին  վարելահողեր են, որից մոտ 480 հեկտարը գտնվում է սահմանամերձ գոտում և  պարբերաբար հնչող կրակոցների  պատճառով  չի  մշակվում:  Բերդավան գյուղի բնակիչ Ջիվան Նավասարդյանի  սեփականաշնորհված հողամասը նույնպես  սահմանային գոտում է, չմշակվելու պատճառով  հողերն անապատացել են. «Իմ սեփականաշնորհված հողը երկու պոստերի արանքում է, չեմ կարողանում մշակել, հարազատներս սպանվել են մշակության ժամանակ»:

Անցած տարվանից գյուղացիներն ազատվել են սահմանայնին գոտու հողերի հարկի վճարից,  վճարում են վարձակալական հողերի դիմաց, որը կազմում է ընդհանուր հողերի 20 տոկոսը:

Սահմանամերձ գյուղում հողերի մի մասն էլ չեն մշակվել ոռոգման ջրի, ինչպես նաև մկնանման կրծող վնասատուների պատճառով: «Եթե 90-ական թվականներին քաղաքացիները վերադարձան գյուղ և  հող մշակեցին ու ապրեցին, ապա հիմա  գյուղացուն քաղաքացին է պահում»,- ասաց զրուցակիցս:  Սոցիալական ծանր պայմանները ստիպել են գյուղացուն կողպել դուռն ու  ապրուստի միջոցներ հայթհայթել այլ բնակավայրերուն կամ օտար ափերում:  Բերդավանում այժմ մոտ 50-60 դուռ փակ է:  Մասնագիտությամբ իրավաբան Ջիվան Նավասարդյանը   գյուղացուն գյուղում պահելու իր  առաջարկն ունի՝ երեք տարով անվճար ոառագման ջուր տալ ու գյուղմթերքի իրացման կայաններ կատուցել:

Բերդավան  գյուղում զարգացած է եղել խաղողի, դեղձի և խնձորի մշակությունը,  մշակել են բանջարբոստանային մշակաբույսեր, ծխախոտ, զարգացած է եղել մեղվապահությունը, անասնապահությունը: որոնք տարիների ընթացքում  անկում  ապրեցին, միայն  վերջին տարիներին գյուղացիները սկսեցին  զբաղվել խաղողագործությամբ  ու դեղձի այգիների ավելացմամբ, սակայն ոռոգման ջրի սակավության պատճառով բերքատվությունը ցածր էր:

Գյուղում  խմելու ջուրն ապահովվում է խորքային հորերի միջոցով շուրջ 90մ խորությունից, սակայն որակը շատ ցածր է, կրային նստվածքով: Գյուղացիները հումորով են վերաբերում իրենց առողջությանը, որն արդեն ձեռք է բերել իմունիտետ ցանկացած աղիքային ինֆեկցիաներից:

Բերդավանի երիտասարդությունը, կարելի է ասել,  ուսյալ է  և գյուղից դուրս են գալիս ուսումը շարունակելու նպատակով, բայց նրանց մի մասը չի վերադառնում համապատասխան աշխատանք չունենալու պատճառով: Գյուղ են վերադառնում միայն մանկավարժական կրթություն ստացածները և դեռ չամուսնացած աղջրիկները:  Ջիվան Նավասարդյանի երեք զավակն էլ ուսանող է:  Նրա պնդմամբ գյուղ կվերադառնա նա, ում  մասնագիտության  պահանջարկը կա տարածքում.  «Ստիպված պետք է գա, որ գյուղը չդատարկվի ու սահմանը չբացվի»:

Բերդավանցու ցանկությունը մեծ է մնալ հայրենի գյուղում, ապրել ու աշխատել, մնում է, որ նրանք արժանանան հայրենի կառավարության հոգածությանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button