Քաղաքական

Ինչու է հասարակությունը դժգոհ երկրում առկա իրավիճակից

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայ հասարակությունը դժգոհ է երկրում առկա իրավիճակից. դժգոհության պատճառն, անշուշտ, իշխանությունների գործելաոճն է»,-լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:  Վերջինիս հակադարձել է  ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյաննը ասելով, որ «Հանրապետությունում չի կարող լինել իրավիճակ, որ բոլորը գոհ լինեն»:

 

 

Հանգամանքերի բերումով ԲՀԿ ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ծանոթ չէ հոկտեմբերի 24 ին տեղի ունեցող հանրահավաքի սցենարին: Բայց հստակ գիտի, որ ժողովուրդը դժգոհ է այս իշխանություններից: «Իշխանությունից  գոհ են միայն ԱԺ-ում նստածները ու մի քանի հոգի»: ԲՀԿ-ական նախկին պատգամավորին հակադարձում է ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը:

«Հանրապետությունում չի կարող լինել իրավիճակ, որ բոլորը գոհ լինեն: Համաձայն չեմ, որ բոլորն են դժգոհ, բացի նրանցից, ովքեր ԱԺ-ում են: Անցած նստաշրջանին դուք գոհերի՞, թե՞ դժգոհների շարքում էիք: Իհարկե, կան խնդիրներ, մենք դրանք չենք ժխտում, պետք է աշխատենք, որ շտկենք իրավիճակը»:

Իշխող կուսակցության անդամը հավաստիացնում է, որ հանրապետականը աշխատում է շտկել երկրում ստեղծված իրավիճակը, որի համար ջանք ու եռանդ չի խնայում: Սակայն Վարդան Բոստանջյանը հակադարձում է. ջանք ու եռանդ չի  խնայում սահմանդրական բարեփոխումներ իրականացնելու համար, քանի որ իշխանությունները վերարտադրման խնդիր ունեն:

Անդրադառնալով եռյակի հնարավորություններին, Մկրտիչ Մինասյանը նկատում է, որ ամսի 10-ի հանրահավաքը  անկազմակերպ էր, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժը փորձում էր վերմակն իր վրա քաշել. «Ես չեմ կարծում, որ մի քանի օրում այդ ամենը կազմակերպված տեսք ստանա: Գագիկ Ծառուկյանը էվոլյուցիոն զարգացումների կողմնակից է»:

Back to top button