

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ սեպտեմբերի 3-ից հետո հետընթաց չեն ապրել, այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ես կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, բոլոր ոլորտներով, բոլոր հնարավորություններով շարունակել իր համապարփակ համագործակցությունը ԵՄ հետ, որոնք չեն հակասում մեր այլ պարտավորություններին այլ ինտեգրացիոն պրոցեսներում: Մոտակա շրջանում մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը եւ մեր աշխատանքները ԵՄ նոր ղեկավարության հետ՝ ձեւավորելու մեր հարաբերությունների նոր իրավական հիմքը»,- հայտարարել է նախարար Նալբանդյանը։
ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզաների դյուրացման համաձայնագիրը, մարտից ուժի մեջ է մտել նաեւ հատուկ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին եւ ԵՄ տարբեր գործակալությունների աշխատանքներին:
Նոյեմբերի սկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է մեկնելու Բրյուսել քննարկելու առեւտրական, տնտեսական համագործակցությունը, իսկ նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված է առեւտրի հարցերով կոմիտեի նիստը, դեկտեմբերին էլ նախարարական մակարդակով Հայաստան-ԵՄ խորհուրդի նիստը։
Այս ամենը թվարկելով՝ արտգործնախարարը պնդել է, որ Վիլնյուսի գագաթաժողովում կնքված պայմանագիրը՝ հետագա համագործակցության մասին, ուժի մեջ է եւ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում։