Հասարակություն

Ո՞վ է սպանել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին. իրավապաշտպանները բողոքում են

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը եւ իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ավետիք Իշխանյանն անդրադարձել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության աղմկահարույց գործին եւ այդ գործով երկու ատյանների  դատարանների կայացրած վճիռներին։

Փաստաբան Լուսինե Սահակյանը մանրամասնորեն ներկայացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության աղմկահարույց  գործի առանձնահատկությունները՝ պնդելով, որ ո՛չ նախաքննությունը, ո՛չ դատական քննությունը չի անդրադարձել այն կարեւոր ապացույցներին, որոնք իրենք ներկայացրել են եւ որոնցով ապացուցվում է Կարեն Եսայանի սպանության համար ազատազրկված Հարություն Սարգսյանի անմեղությունը։

«Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ Հարություն Սարգսյանն ընդհանրապես չէր կարող առնչություն ունենալ այդ հանցագործության հետ: Բոլոր միջնորդությունները, որոնցով մենք փորձում էինք պարզել, թե ովքեր են հետապնդել Կարեն Եսայանին, ով, ընդհանրապես, ինչ առնչություն է ունեցել, ովքեր ինչ վիճաբանություն են ունեցել, բոլոր այդ միջնորդությունները դատարանը մերժեց: Արդյունքում՝ կայացվում է դատական ակտ, որով Հարություն Սարգսյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվում: Վերաքննիչ դատարանն էլ, իհարկե, ոչինչ չարեց, որպեսզի այս իրավիճակը շտկի: Հիմա մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան»,- նշել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հելսինկյան կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ նկատել է, թե հստակ խախտումներ կան, ուստի գործը կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Բայց, ուղղակի, մեր այս ասուլիսն ավելի շատ ճիչ է, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես կարող են մարդիկ առանց որեւէ լուրջ ապացույցի անմեղ մարդկանց ճակատագրի հետ խաղալ»,- նշել է իրավապաշտպանը՝ կոչ անելով իշխանություններին՝ մտածելու այդ ամենի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button