Քաղաքական

ՄԻՊ տարեկան զեկույցը. մարդու իրավունքների շուրջ բանավեճեր՝ ԱԺ-ում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ-ում շարունակվել է Մարդու իրավունքների Պաշտպանի 2013 թվականի զեկույցի քննարկումը: Օրը սկսվել է խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներով: «Հայաստանում ոլորտ չկա, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն»,- ասել են պատգամավորները: Այնուհետեւ պատգամավորներն անցել են քաղաքական հայտարարությունների:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանն օրինակ անդրադարձել է հետեւյալ խնդրին:

«Հնարավոր չէ որեւէ սթափ տրամաբանությամբ բացատրել, թե ինչպես է հնարավոր մի անչափահաս երիտասարդի՝ Շահեն Հարությունյանին, օրինակ՝ ինչի համար դատապարտել չորս տարի թեկուզ պայմանական ազատազրկման, մինչդեռ մեկ այլ երիտասարդի՝ «սյունյաց արքունիքից» կոնկրետ հացնագործության համար մեկ օր անգամ պատժի չենթարկել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ որոշել է անդրադառնալ եւ պատասխանել երեկվանից հնչած որոշ հայտարարություններին ու մեղադրանքներին, ինչն էլ առաջացրել է ընդդիմադիրների զայրույթը: Խոսքը վերաբերվում է երեկ ԱԺ դահլիճում Վահրամ Բաղդասարյանի հնչեցրած այն արտահայտությանը, թե պատգամավորը զգացել է «ալիեւնյան նավթադոլարների հոտը»: Որոշ դժգոհություն ՀՀԿ խմբակցության ղեկավարն ուներ նաեւ օմբուդասմենից:

« Սա այն դեպքը չէ, որ ՄԻՊ-ը մոլորված է, երբ որ ուսումնասիրեցի, զգացի, որ նա մոլորեցնող է, ոչ թե մոլորված: Խորհուրդ կտամ մեր հարգարժան ՄԻ պաշտպանին՝ չմեղադրել Աժ պատգամավորներին եւ հանձնարարականներ տաք նրանց ձեր կայացումը հաստատելու համար: Դա ընդունելի չէ, իհարկե, ես հասկանում եմ, այստեղ կան ամբիցիաներ, երիտասարդ եք, տարիքի հետ կանցնի, երեւի»:

Կարեն Անդրեասյանը, Աժ  ամբիոնից պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին, ասել է.« Զեկույցն այն հայելին է, որ ամեն տարի մենք պատրաստում ենք: Թե այդ հայելու մեջ ով ինչ է տեսնում, մեզ համար իհարկե հետաքրքիր է, բայց ոչինչ փոխել չենք կարող: Իմ տարիքը ինձ բավականացնում է անելու այս աշխատանքը պատշաճ: Եվ կան շատ տարեց մարդիկ եւ երիտասարդներ, ովքեր այդպես էլ չեն օգնում մարդու իրավունքների պաշտպանությանը»:

ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումն այսօր ավարտվել է եւ խորհրդարանն այն ընդունել է ի գիտություն:

Ցուցադրել ավելի
Back to top button