Հասարակություն

Կրոնոական կազմակերպություններն ու գունավոր հեղափոխությունները

Ալիսա Գեւորգյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

2014-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանում էր ավետարանի քարոզիչ Բեննի Հինը: Կրոնական կազմակերպություններից մեկի  բեմում նրան ողջունելիս ավետարանական ընտանիքի անդամները նշել էին, թե հաջորդ հանդիպումը կկայանա այլ՝ ավելի ազատ Հայաստանում: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ամարյանը  սա միանշանակ դիտարկում է որպես հեղափոխության և իշխանափոխության կոչ:

Ըստ Ամարյանի, հաշվի առնելով այն, որ Սերբիայի և Ուկրաինայի գունավոր հեղափոխություններում ակտիվորեն ներգրավված էին նաև կրոնական կազմակերպություններ, ուստի հանդիպմանն էլ այսօր ներկա էին Սլավոնական գվարդիա կազմակերպության ղեկավար  Վլադիմիր Ռոգովը՝ Ուկրաինայից և Մշակութային, գիտական, աշխարհաքաղաքական և  տնտեսական համագործակցության  միջազգային ֆորումի նախագահ Վասիլի Մանչիչը՝ Սերբիայից:

«Եթե խոսենք աղանդների դերի մասին, պետք է ասեմ, որ ուկրաինական մայդանում տեղի ունեցած հեղափոխության մեջ նրանք վճռորոշ դեր կատարեցին: Ի սկզբանե հեղափոխության առաջին գծում  ներգրավված էին երիտասարդ առաջնորդների դպրոցի անդամները, որոնք անուղղակիորեն կապված են կրոնական կազմակերպությունների հետ: Այս հեղափոխության մենակարկառուն դեմքերից մեկը՝ Ակսենի Յացենյուկը, սաենթոլոգիական եկեղեցու անդամ է: Հոգևոր ոլորտում մեր օրենսդրությունը չափազանց ազատական է: Ուկրիանայի «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին» օրենքի նախնական տարբերակը, որը փորձում էին ընդունել, ըստ էության, «Խղճի  ազատության մասին»  օրենք էր, որը թույլ էր տալիս անել ամեն ինչ»,- ասում է ուկրաինացի հյուրը:

Մշակութային, գիտական, աշխարհաքաղաքական և  տնտեսական համագործակցության  միջազգային ֆորումը Վասիլի Մանչիչը ղեկավարում է շուրջ քսան տարի: Առաջարկում է վստահել տարիների իր փորձառությանն ու հայտարարում՝ արևմուտքի կիրառած այն մեխանիզմները, որոնցով քանդվեցին Հարավսլավիան և Խորհրդային Միությունը, կիրառվում են նաև մեր օրերում, ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

«ԱՄՆ-ի աշխարհը զավթելու ծրագիրն իրականացնելու գործում երկու լուրջ խոչընդոտ էր տեսնում՝ Խորհրդային Միությունն ու Հարվսլավիան, որն իր ռազմական հզորությամբ այն ժամանակ 4-րդն էր Եվրոպայում: ԱՄՆ-ի նախագահ դառնալուց Ռոնալդ Ռեյգանը բարեգործական հիմնադրամի անվան տակ ստեղծեց «Ժողովրդավարության ազգային հիմնադրամը»՝ NED-ը, որն առաջնորդում է աղանդավորական բոլոր կառույցները և նպատակ ունի քանդելու երկրների տնտեսական, քաղաքական ու հոգևոր-մշակութային հիմքերը:  Ես շատ զարմացած եմ, որ այն գործում է նաև Հայաստանում»:

Ըստ Վասիլի Մանչիչի՝  բոլոնյան համաձայնագիրը, որին մաս է կազմում  Հայաստանի կրթական համակարգը ևս, ոչ այլ  ինչ է, եթե ոչ ԱՄՆ հետախուզական ցանցի ձեռքի գործը: Իսկ ծրագրի նպատակն է ազգերի պառակտումը: «Այն երկիրը, որն իրեն իրավունք է վերապահում ձեզ սովորեցնել, ունի ընդամենը 300 տարվա պատմություն և հիմնադրվել է ավազակների ու բանտարկյալների կողմից»,-հիշեցնում է  Վասիլի Մանչիչը:

Մեկ տարի առաջ ստեղծվեց «Համահայկական ծնողական կոմիտեն», որը, ինչպես հայտատարում է կոմիտեի նախագահ  Արման Բոշյանը, պայքարում է արտերկրում ստեղծված նմանատիպ կառույցների դեմ, որոնց նպատակն է քայքայել մեր արժեհամակարգն ու ազգային ինքնությունը: Սակայն այդ կառույցների ցանկում նա դիտարկում է ոչ միայն կրոնական կազմակերպությունները

« Հայաստանում ձևավերվել է մի հսկայական բանակ, որը մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո գործում է միայն մեկ ուղղությամբ՝ քարոզվում են այլասերվածության բոլոր հնարավոր դրսևորումները»:

«Ինչ կարող ենք մենք անել վաղը, երբ 350 հազար աղանդավորներ, որոնք գտնվում են Հայաստանի պետական համակարգից դուրս, քարոզչության միջոցով ոչ միայն արժեզրկեն հային ու հայկական կրոնը, այլև ապակայունացնեն իրավիճակը հօգուտ այլ պետությունների»: Արման Բոշյանի այս հարցադրումը փոքր ինչ հռետորական է, քանի որ բանախոսն ունի սեփական հարցի նաև հստակ պատասխանը.« Փոխել օրենսդրությունը և արգելել այլասերության քարոզչությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button