ԿարևորՔաղաքական

Տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական երկխոսության մակարդակին. վարչապետի այցը ԻԻՀ

«Այսօր կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, որի վառ ապացույցներից են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Համոզված եմ, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը»,-  Թեհրանում Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Իրանի փոխնախագահը աշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի  տնտեսական համագործակցության ակտիվացմանը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու  ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար: Այս համատեքստում կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել  համագործակցության ծրագրերը:

Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:

Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները: Քննարկվել են տարբեր ոլորտներում  համագործակցության հեռանկարները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին: Այդ համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:

Ցուցադրել ավելի
Back to top button