Տարակարծություններ եւ մտահոգություններ՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության շուրջ
Հասմիկ Դիլանյան
Լիանա Եղիզարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման շուրջ տարակարծություններն ու մտահոգությունները շարունակվում են: Մինչ այսպես ասենք, իշխանական ճամբարի ներկայացուցիչները շարունակ ներկայացնում են մեր երկրին սպասվող դրական փոփոխությունների, փորձագետների մեկ այլ խումբ էլ շարունակում են մռայլ կամ իրենց իսկ խոսքով, իրական կանխատեսումներ ներկայացնել:
Փորձագետների մի մասի կանխատեսումները Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեղմ ասած մխիթարական չեն: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու Սպառողների իրավունքների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել առաջիկայում Հայաստանին սպասվող գնաճի մասին:
Հայտարարությունները նրանք թվերով ու փաստերով են հիմնավորել: Սպառողական գների ինդեքսը բարձր է ԱՊՀ անդամ գրեթե բոլոր երկրներում, այս առումով համեմատաբար լավ դիրքերում է գտնվում Հայաստանը:
Դե իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության տնտեսության համար ոչ լավ օրերը դեռ շարունակվելու են: Փորձագետները չեն անտեսել նաև Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյան. «Ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում մենք գործ ունենք բարձր սպառողական գների ինդեքսի հետ, ՌԴ-ն, որը մեր գործընկեր երկրներից է և ԵՏՄ նախաձեռնողներից նաև, իր զարգացման տեմպերով հայտնվել է որոշակի առումով բարդ իրավիճակում: Պայմանավորված նաև կիրառվող պատժամիջոցներով, կոնկրետ գնաճային ռիսկ ունենք: Մոտավորապես 7,4 տոկոս կկազմի 2014-ի ինֆլյացիան, 2015-ին՝ 7,3 տոկոս: Հայաստանն այս առումով գտնվում է լավագույն դիրքերում: ԱՄՀ կանխատեսումներով՝ 2014-ին կունենանք 1,8 տոկոս ինֆլյացիա, սա այնքան էլ հավաստի չի կարող լինել, բավականին գնաճային ռիսկեր կան, 2015-ին կունենանք, 3,8 տոկոս ինֆլյացիա»:
Մտահոգված է նաև իրավունքների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը.«Մենք միանում ենք մի մության, որն արդեն տնտեսական խնդիրներ ունի: Այս պարագայում, լինելով շրջափակման մեջ, դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ապրանքների տեղաշարժը կատարվում է մեքենաներով ու Վերին Լարսի անցակետով: Այս անցակետն էլ շատ հաճախ է փակվում: Միայն այս տարի մի քանի անգամ արդեն փակվել է սողանքների պատճառով»: