ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունն արտահերթ քննարկումն է առաջարկում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Մեկնարկը տրվել է օրակարգի հաստատմամբ. հոկտեմբերի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգում 119 հարց է և  26 միջազգային պայմանագիր: Ի դեպ , հարցերից երկուսը կառավարության առաջարկով օրակարգ է ընդգրկվել որպես անհետաձգելի և որոշում է ընդունվել երկրորդ ընթերցումը առաջինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու մասին: Դրանցից մեկը «Սահմանանամերձ գյուղական համայնքներին  հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենսդրական փաթեթն է, մյուսը «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունները:

Ի դեպ, արհատերթ 2 քննարկում էլ առաջարկել է խորհրդարանական ընդդիմությունը: Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ առաջարկվում է արտահերթ քննարկել  երկու հարց՝ հայտարարության նախագիծ  «Հայաստանում  կառավարման ճգնաժամի մասին»  և որոշման նախագիծ  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ընթացակարգերի վերաբերյալ: Մոտ կես ժամ ԱԺ նախագահի ու ընդդիմադիր  պատգամավորների  բանավեճը ծավալվել է այն խնդրի  շուրջ, թե որ հարցն է ավելի անհետաձգելի՝ կառավարության, թե ոչ իշխանականների առաջարկածը:  Հնչել են տարբեր հիմնավորումներ, նաև փոխադարձ մեղադրանքներ: Զբաղվեք օրենսդրական աշխատանքով և ոչ թե քաղաքական շոուներով ՝ ընդդիմադիրներին հորդորել է Վահրամ Բաղդասրայանը: Արամ Մանուկյանը հակադարձել է, թե պատգամավորներին դաս տալ պետք  չէ:

Հանգուցալուծումը տրվել է ԱԺ նախագահի կողմից. Գալուստ Սահակյանը  պարզաբանել է, որ ընդդիմության կողմից արհտահերթ համարված հարցերը արտահերթ ընթացակարգով կքննարկվեն այս քառօրյայի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button