Քաղաքական

Եվրոպացիներին հետաքրքրել է հայ-թուրքական արձանագրությունների ապագան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու առիթով համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո, հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ  Հայաստանի Աժ-ի պատվիրակության առաջին այցը ԵՄ անդամ-երկիր: Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ժնեւի միջխորհրդարանական միության 131-րդ նիստին: Աժ փոխնախագահի փոխանցմամբ, երկկողմ հանդիպումների ժամանակ բնականաբար անդրադարձ եղել է վերոնշյալ որոշմանը:

«Չնայած այն հանգամաքին, որ ՀՀ-ն անդամակցել է ԵՏՄ-ին մեր եվրոպացի գործխընկերները նախ հարգանքով են վերաբերվում Հայաստանի այդ որոշմանը եւ տեսնում են մեր հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Մենք մեր կողմից նշեցինք, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր բոլոր ուղղություններով շարունակել իր քաղաքական երկխոսությունը եվրոպացի մեր գործընկերների հետ»:

Մեկ այլ հարց, որ հետաքրքրում էր եվրոպացիներին եւ որի պատասխանը ցանկացել են իմանալ, դա հայ-թուրքական արձանագրությունների ապագայի խնդիրն է: Հիշեցնենք, որ հենց Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում էր տեղի ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը:

«Մենք ներկայացրեցինք, որ ՀՀ-ն երբեք չի գնա հարաբերությունների կարգավորման որեւէ նախապայմանով: Առավել եւս Ղարաբաղյան հարցը չի կարող դիտվել նախապայման: Ավելին՝ մենք ներկայացրեցինք, որ Թուրքիան այսօր փակ է պահում Եվրոպայի վերջին փակ սահմանը: Եվ անհասկանալի ու անթույլատրելի է, որ մի պետություն, որը ցանկանում է մուտք գործել ԵՄ ապրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներով, այլ շրջափակման մեջ է պահում իր հարեւանին»:

Ղարաբաղյան հարցին առնչվող քննարկումների ժամանակ էլ հայ խորհրդարանականները հավաստիացումներ են ստացել եվրոպացի գործընկերներից, որ խնդրի կարգավորումն այլընտրանք չունի: Այն պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ եւ բացառապես խաղաղ ճանապարհով: Վերջում ավելացնենք, որ Միջխորհրդարանական միությունը կարեւոր կառույց է համարվում խորհրդարանականների համար: Այդ կառույցում ներկայացված է 166 պետություն, որոնցից այս անգամվա աշխատանքներին մասնակցել է 131 պետության ներկայացուցիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button